Նիկոլ Փաշինյանը պատրաստ է համաձայնել բոլոր առաջարկներին՝ առանց առարկությունների, միայն թե պահպանի իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է համաձայնել բոլոր առաջարկներին՝ առանց առարկությունների, միայն թե պահպանի իշխանությունը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ստորագրելու է ռուսական կողմից առաջարկվող փաստաթուղթը: Ի վերջո, սա ի՞նչ հայտարարություն էր:

-Նախ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր հայտարարությունները փոխել ժամը մեկ, դա արդեն դարձել է սովորական երևույթ: ՔՊ-ն ու նրա ղեկավարը ոչ միայն իրենց ծրագրերից են արագորեն հրաժարվում, այլ իրենց արտաբերած տեքստերից: Սա իսկապես վտանգավոր միտում է: Եթե պետության ղեկավարը այլ բան է ասում իր ժողովրդին, մեկ այլ բան՝ միջնորդներին, լրիվ այլ բան՝ հակառակորդին, դա կարող է լուրջ ռիսկեր ստեղծել մեր պետության ներսում և դրա սահմաններից դուրս: Եթե հիշեք, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստ է փաստաթղթի ստորագրման՝ շեշտելով բացառապես ՀՀ անվտանգության հարցը: Մեկ ժամ անց, երբ մարդիկ դուրս եկան փողոց, Նիկոլ Փաշինյանը և բոլոր ՔՊ-ականները սկսեցին հայտարարել, որ որևէ թուղթ չկա: Այսօր՝ ՔՊ համաժողովին Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սեպտեմբերին համաձայնություն է տվել այսպես կոչված՝ «ռուսական տարբերակին»: Այս օրինակը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ մեր պետության ղեկավարը իր իշխանությունը հիմնել է ստերի և կեղծիքի վրա, մանիպուլացնում է անդադար և փորձում մնալ իշխանության: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ համաձայն է ռուսական առաջարկին, համաձայն է արևմտյան առաջարկներին և ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած 5 կետերը։ Հետևություն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է համաձայնել բոլոր առաջարկներին՝ առանց առարկությունների, միայն թե պահպանի իշխանությունը։ Դրան զուգահեռ շարունակում է ստել սեփական հանրությանը։ Աբսուրդն այն է, որ թեև նրա կողմից տված համաձայնություններին՝ մենք ունենում ենք պատերազմ ՀՀ սահմանին, 200-ից ավել զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հեկտարներով տարածքային կորուստներ։ Ադրբեջանը հրաժարվում է դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից և շարունակում է խոսել մեզ հետ ուժի և ուժի սպառնալիքի լեզվով։ Ուստի, բոլորի առաջարկներին առանց առարկությունների համաձայնելը ոչ միայն խաղաղություն չի բերում, այլև վատթարացնում է մեր պետության վիճակը։ Ինչ վերաբերում է «ռուսական տարբերակին» կամ այսպես կոչված՝ «Խովաևի պլանին», ապա մենք չգիտենք դրա ամբողջական բովանդակությունը, մենք գիտենք այն, ինչ նշում են հրապարակային՝ խաղաղապահների ժամկետի երկարացման հետ կապված: Բնական է, որ Արցախի անվտանգության առումով մեզ համար կարևոր է ունենալ լրացուցիչ երաշխիքներ: Բայց ես մնում եմ այն համոզման, որ թղթերի ստորագրումը ոչինչ չի երաշխավորում: Մինչ օրս Ադրբեջանը, որի ղեկավարը ստորագրել է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության տակ, չի իրագործում այնտեղ նշված կետերը: Ավելին, բազմիցս խախտել է այն և ագրեսիա ձեռնարկել և՛ Արցախի, և՛ ՀՀ–ի դեմ: Կարևոր է, որ մենք վերջապես գիտակցենք՝ Ադրբեջանն ագրեսոր պետություն է ու դրանից պաշտպանվելու համար մենք պետք է ապավինենք ինքներս մեզ վրա:
 
-Փաշինյանը նախ մի շարք հակառուսական գործողություններ է իրականացնում, ապա կայացնում է թվացյալ պրոռուսական որոշում: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

-Մենք շարունակ քննարկում ենք նրա գործողությունները հակառուսականության կամ պրոռուսականության պրիզմայով: Եկեք քննարկենք նրա քայլերը հայկական պետականությունների շահերի տեսանկյունից: Եթե այդպես դիտարկենք, կհասկանանք, որ նրա քայլերը հակասում են մեր պետության շահին և բառացապես միտված են սեփական իշխանության պահպանման համար արտաքին դերակատարների աջակցությունը շահելուն: Հենց դրանով է պայմանավորված այն, որ նա քարոզչական առումով օգտագործում է արևմտամետ գործիչներին և վերլուծաբաններին, իսկ իրականության մեջ իրեն պահում որպես պրոռուսական գործիչ: Սա ակնհայտ խորամանկություն է, ցավոք, դա բոլորը չեն հասկանում, այդ թվում՝ նրան առավոտից երեկո աջակցող վերլուծաբանները: Վստահ եմ, որ արևմտյան միջնորդներին էլ նա ասում է, որ ՌԴ-ն սարսափելի ճնշում է գործադրում և ինքն այլընտրանք չունի, պետք է համաձայնի: Իսկ իրականում նրա քայլերը շարունակ փակուղու առաջ են կանգնեցնում ՀՀ-ն: Կրկնում եմ, եթե նա ամեն մեկին այլ, իրար հակասող բաներ է ասում և տարբեր խոստումներ տալիս, այդ ավանտյուրայի գինը վճարում է մեր ժողովուրդը: Չի կարելի պետությունը ղեկավարել նեղկուսակցական և նեղանձնական մոտիվներնով՝ առանց տեսլականի և կարմիր գծերի, նման կերպ առաջնորդվող ղեկավարը սպառնալիք է պետության համար:

-Ադրբեջանն այս առումով ի՞նչ դիրքորոշում ունի: Ո՞րն է Ադրբեջանին ձեռնտու տարբերակը:

-Ես տարբեր առիթներ ունեցել եմ նշելու, որ իմ համոզմամբ Ադրբեջանը չի բավարարվելու նրանով, ինչ իրեն առաջարկում է ռուսական կամ արևմտյան կողմը: Ի սկզբանե, «խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի օրակարգն էր, ուստի Ադրբեջանը մտել է խաղի մեջ՝ ունենալով իր տեսլականը: Ալիևը շատ առումներով կրկնում է այն տակտիկան, ինչին մենք ականատես ենք եղել տասնամյակներ շարունակվող արցախյան բանակցային գործընթացի ժամանակ: Ամեն անգամ, երբ կողմերը որևէ լուծմանը մոտ էին լինում, Ադրբեջանը մերժում էր, իսկ հետո՝ պահանջում ավելին: Դրան զուգահեռ նրանք զինվում էին և պատրաստվում պատերազմի: Եվ ահա այդ համատեքստում միջնորդները շարունակ նորանոր զիջումներ էին պահանջում Հայաստանից: Հայաստանը, լինելով հաղթող կողմ, կորցնում էր իր դիրքերը բանակցային գործընթացի շուրջ, քանի որ հավուր պատշաճի չէր պատրաստվում պատերազմի, քանի որ ռիսկերն ըստ արժանվույն չէին գիտակցվում: Հիմա նույնն է, բայց մենք շատ ավելի վատ դիրքերում ենք: Ադրբեջանը շարունակում է պատրաստվել մեր դեմ պատերազմի՝ դրան զուգահեռ փորձելով կորզել նորանոր զիջումներ: Վերջին երկու տարվա հարցում Նիկոլ Փաշինյանի բոլոր զիջումները, օրինակ՝ «հայելային հետքաշման առաջարկը», Արցախի հարցում «նշաձողի իջեցումը» կամ Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքից հրաժարվելը, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ և օկուպացնելով մեր տարածքները: Ամփոփելով նշեմ, որ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների մանդատի երկարաձգմանը և կանի ամեն հնարավորը դա կանխելու համար: Ադրբեջանական մամուլն ակնհայտ հակառուսական հոդվածներով և հաղորդումներով է հանդես գալիս այս փուլում: Բայց ասեմ նաև, որ Ադրբեջանը միայն Արցախի հանձնմամբ չի բավարարվի: Ուստի կրկնում եմ՝ մեզ պետք է պատրաստվել պատերազմի, միայն այդ դեպքում մենք կկանխենք այն: