Ինչ տեղի կունենար Վաշինգտոնում, եթե...

Ինչ տեղի կունենար Վաշինգտոնում, եթե...

Վաշինգտոնում շարունակվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Միաժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային կրակ են բացել Արցախի Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով ԱԹՍ-ներ։ Արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ: Եթե ՀՀ ԱԳ նախարարն Արոն չլիներ, իսկ նրա ղեկավարն էլ՝ Նիկոլը, այդ բանակցությունները կընդհատվեին, եւ ՀՀ ԱԳ նախարարը կհայտարարեր` ի՞նչ իմաստ ունի բանակցել մի երկրի հետ, որը նույնիսկ բանակցությունների ընթացքում է դիմում ագրեսիվ գործողությունների: Եվ եթե Ադրբեջանն էլ հավաքական Արեւմուտքի հուսալի գործընկերը չլիներ, ապա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ կհայտարարեր, որ ինքը հասկանում է հայկական կողմի մտահոգությունները, բայց անձամբ է խնդրում ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի վերջինս շարունակի բանակցությունները: Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարին կառաջարկեր ճշտել, թե ինչու տեղի ունեցավ այդ «սխալմունքը»:

Բայց, դժբախտաբար, ՀՀ վարչապետը պարտվողականության խորհրդանիշ Փաշինյանն է՝ երբեմնի «դուխով» Նիկոլը: Իսկ ԱԳ նախարարն էլ այն անձն է, որի մասին արժե, որ մի դեպք պատմեմ: 2013 թվականին Արարատ Միրզոյանը ԵՊՀ-ից հեռացվել էր, քանի որ համարձակություն էր ունեցել ուսանողներին ինչ-ինչ տեղեկություններ հաղորդել դասագրքից դուրս (թե կոնկրետ ինչ՝ արդեն չեմ հիշում): Ես էլ, որպես ընդդիմադիր եւ ֆեյսբուքյան ակտիվիստ, այդ հարթակում նախաձեռնեցի նրա պաշտպանությունը՝ նրան մինչ այդ չճանաչելով: Բայց խիստ զարմացել էի, որ իր նկատմամբ գործված անարդարության դեմ կռիվ էր տալիս ոչ թե ինքը, այլ՝ իր կինը: Իսկ ինքը սուսուփուս հեռացավ՝ ինչ-որ ժամանակ հետո աշխատանք գտնելով մեկ այլ կազմակերպությունում: Պարզ է, որ նման անձն այսօր որեւէ դեմարշ չէր կազմակերպի Վաշինգտոնում: Հատկապես որ իր ղեկավարն էլ Փաշինյանն է, որը կատվազգիների հզոր ներկայացուցիչ «առյուծ» է խաղում երկրի ներսում՝ շարքային կատու լինելով դրսում:

«Իսկ ի՞նչ կարող է անել Փաշինյանը» հարցին պատասխանել է հենց ինքը թվիթերյան գրառմամբ: Նա կոչ է արել միջազգային հանրությանը (՞՞՞), գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եվ ավելացրել է, որ «մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետեւանքով կա 4 զոհ»։ Եվ եզրափակել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է: Հետաքրքիր է՝ ե՞րբ է այն եղել ոչ բարձր 2020 թվականի պարտությունից հետո: 

Իսկ եթե Փաշինյանն այնքան բարոյականություն ու ազգային գիտակցություն ունենար, որ խայտառակ պարտությունից հետո հրաժարական ներկայացներ, ապա վերջին շուրջ 3 տարում մեր տարածաշրջանում ապակայունացման ռիսկը կարող էր նաեւ ցածր լինել: Դրան հատկապես կնպաստեր այն հանգամանքը, որ թշնամու հետ հարաբերություններում եւ, ընդհանրապես, արտերկրում մեր երկիրը կներկայացներ ոչ թե խայտառակ պարտության խորհրդանիշ անձը, այլ՝ արժանապատվություն ունեցող մեկը: 

Բնականաբար, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնին էլ կլիներ մեկ ուրիշը, եւ Վաշինգտոնում ընթացող բանակցությունները կարող էին ստանալ այն տեսքը, որ ներկայացրի առաջին պարբերությունում: Ասվածը՝ ի գիտություն նրանց համար, ովքեր իրենց հայրենասեր են համարում, բայց շարունակում են վստահել ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձին: