Հիտլերն էլ կարող էր ինքնասպանության փոխարեն հայտարարել` ես մեղավոր չեմ, ֆելդմարշալ Պաուլուսն է մեղավոր

Հիտլերն էլ կարող էր ինքնասպանության փոխարեն հայտարարել` ես մեղավոր չեմ, ֆելդմարշալ Պաուլուսն է մեղավոր

Նիկոլ Փաշինյանը, ով ի պաշտոնե Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է` առնվազն պատերազմական իրավիճակում, փորձում է իր գլխավորած բանակի պարտության պատասխանատվությունը գցել բարձրաստիճան զինվորականության` ՊՆ եւ ԳՇ ղեկավար կազմի վրա: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում նա ասում է, որ եղել են հրամանատարներ, ովքեր զորքին նահանջի հրաման են տվել, որի արդյունքում տարածք ենք կորցրել, եղել են հրամանատարներ, ովքեր խուճապ են տարածել զորքի շրջանում, ՊԲ ղեկավարությունը եւ ԶՈւ հրամանատարներն իրեն սխալ եւ ոչ ճշգրիտ են ներկայացրել իրավիճակը ռազմաճակատում: Իսկ ինքն անթերի է, ամեն ինչ արել է բանակի եւ հաղթանակի համար. բանակին ինչ պետք է եղել, տվել է, ինչ ուզել են, գնել է`սպառազինությունից մինչեւ կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ապրանքներ: Ինքն ի՞նչ մեղավոր է, որ բանակի հրամկազմը բանակը տարել է պարտության եւ վատ վիճակի մեջ է դրել թե՛ իրեն, թե՛ երկիրը: Փաշինյանն այնպես է խոսում, կարծես ուզենա ասել՝ մի՞թե չէի ցանկանա, որ Հայաստանը հաղթեր պատերազմում, հիմա էլ կբանակցեի հաղթողի դիրքերից:

Տրամաբանորեն կարծես թե ամեն ինչ ճիշտ է: Միայն թե՝ եթե շարժվենք փաշինյանական տրամաբանությամբ, ապա նույն այդ ՊՆ եւ ԳՇ հրամկազմն էլ իր արդարացումները կարող է ներկայացնել: Օրինակ, կարող են ասել՝ մենք էլ պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներին էինք հրամայում չնահանջել, ընդհակառակը` խնդիր էինք դնում նոր տարածքներ գրավել, նրանք էլ մեզ էին զեկուցում, որ ռազմաճակատում ամեն ինչ շատ լավ է, մենք հարձակվում ենք, թշնամին խուճապահար նահանջում է, մենք հաղթում ենք: Դե, մենք էլ, ՊՆ-ում եւ ԳՇ-ում նստած, հավատում էինք այդ զեկուցագրերին ու դրանք փոխանցում վերեւ. մենք ի՞նչ մեղավոր ենք, որ ռազմաճակատից սխալ տեղեկություն են մեզ փոխանցել, մենք մեր պարտականություններն անթերի ենք կատարել, մեղավորը միջին օղակի զինվորականներն են:

Միջին օղակի զինվորականներն էլ իրենց ձախողումների եւ զորքի նահանջի ու պարտության իրենց արդարացումները կարող են գտնել ու այդպես շարունակ պատասխանատվությունն իջեցնել մինչեւ ջոկերի հրամանատարներ ու շարքային զինվորներ, որոնք անհրաժեշտ անձնազոհություն չեն դրսեւորել եւ շատ դեպքերում իրենց կյանքը փրկելու համար նահանջել են, փոխանակ կրծքով փակելու թշնամու գնդացրի փողը, կամ չեն կարողացել ավտոմատով անօդաչու խոցել, իսկ շատերը դավաճանաբար զոհվել են, որ հետագայում խուսափեն պատասխանատվությունից:
Միայն թե, Փաշինյանից բացի, որեւէ մեկը չի կարողանա այդ հանձնաժողովում ելույթ ունենալ եւ ներկայացնել իր ճշմարտությունը: Ոչ թե այն պատճառով, որ նրանց չեն կանչի, այլ այն, որ որեւէ մեկին հետաքրքիր չէ: Իրականում այդ արդարացումները որեւէ արժեք չունեն, երբ չկա պատասխանատվություն: Եթե այդ պարտությունն ունի մեղավոր եւ պատասխանատու, դա առաջին հերթին Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, հետո նոր՝ մյուսները, այդ թվում եւ՝ բարձրագույն սպայակազմը: Փաշինյանը մինչեւ պատերազմի սկիզբը գրեթե երկուսուկես տարի եղել է երկրի ղեկավար եւ այդ մարդկանց՝ ՊՆ ղեկավարին, ԳՇ պետին եւ մյուս բարձրաստիճան զինվորականներին ինքն է նշանակել կամ առնվազն իրավունք է ունեցել փոխելու: Եթե չի փոխել, նշանակում է՝ համարել է, որ նրանք կոմպետենտ են:

Եթե Փաշինյանի տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, 1940 թվականին Ֆրանսիայի վարչապետ Պոլ Ռեյնոն պետք է հայտարարեր, որ Ֆրանսիայի պարտության պատասխանատուն ոչ թե ինքն է, այլ՝ պաշտպանության նախարար Էդուարդ Դալադիեն, մանավանդ որ Դալադիեն իրենից առաջ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը` նախկին էր: Բայց Ռեյնոն ոչ միայն չհրաժարվեց պատասխանատվությունից, այլեւ տեսնելով, որ Ֆրանսիան պարտվում է, հրաժարական ներկայացրեց, բայց շարունակեց աջակցել Շառլ դը Գոլին՝ Ֆրանսիայի ազատագրության համար պայքարում: Ընդհանրապես, ցանկացած պարտված երկրի ղեկավար կարող է պատասխանատվությունը բարդել ում վրա ասես՝ իրեն դրանից ազատելով: Օրինակ, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն էլ կարող էր ինքնասպանություն գործելու փոխարեն հայտարարել` ես ի՞նչ մեղավոր եմ պարտության մեջ, եթե իմ բանակի ֆելդմարշալ Պաուլուսը հայտնվեց շրջափակման մեջ եւ հանձնվեց, փոխանակ հաջող մարտ վարելու եւ Ստալինգրադի ճակատամարտում փայլուն հաղթանակ տանելու:

Միայն թե դժվար է հիշել մի դեպք, երբ պարտված երկրների բանակների հրամանատարները պարտության պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու փոխարեն շարունակեին կառչած մնալ իշխանությունից եւ, հակառակ քաղաքական պատասխանատվության եւ մարդկային բարոյականության բոլոր նորմերին, անամոթաբար սկսեին մեղադրել բոլորին՝ անիմաստ փորձելով արդարացնել իրենց: Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ոչ միայն չարդարացներ իրեն, այլեւ նույնիսկ չհերոսացներ: Նա հանձնաժողովի նիստում իրեն այնպես է պահում, որ չնայած պարտության արդյունքում կորցրել ենք Արցախը, բայց դրա փոխարեն պահել ենք Մեղրին, իսկ դա արդեն մեծ հաղթանակ է: Փաշինյանն ասում է, որ 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր Մեղրին հանձնելու եւ դրա դիմաց Արցախը ստանալու տարբերակի շուրջ: Իսկ ինքն արել է ճիշտ հակառակը` հանձնել է Արցախը եւ պահել Մեղրին: Հիմա Հայաստանի համար ո՞րն է ավելի կարեւոր` Մեղրի՞ն, թե՞ Արցախը: Եթե Մեղրին, ուրեմն ինքն ավելի մեծ գործ է արել Հայաստանի համար, քան Քոչարյանը: Ոչինչ, որ Քոչարյանը ո՛չ Մեղրին է հանձնել, ո՛չ էլ Արցախը, կարեւորն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը նման բան է ասել՝ լինելով Քոչարյանի ընդդիմախոսը: Ճիշտ է` Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է գրավել, բայց դա արվել է, որ Հայաստանում իշխանափոխություն հրահրվի:

Իսկ քանի որ իրեն հաջողվել է պահել իշխանությունը, նշանակում է թշնամու ծրագրերը ձախողվել են: Ո՞րն է ավելի կարեւոր, որ Հայաստանը տարածքնե՞ր է կորցրել, թե՞ որ Հայաստանում իշխանափոխություն հրահրելու թշնամական ծրագրերը ձախողվել են. իհարկե՝ իշխանափոխության ձախողումն ավելի կարեւոր է, առնվազն իր համար: Սեւ լճից կամ Ներքին Հանդի ու Խոզնավարի տարածքներից իրեն ի՞նչ օգուտ, բայց Երեւանում իշխանության մնալն ամենօրյա եկամուտ է:

Փաշինյանը կարող է ասել ամենը, ինչ մտքով անցնում է, քանի դեռ իշխանություն ունի, երբ նա կորցնի իշխանությունը, նրա փոխարեն կխոսեն այլ մարդիկ, ովքեր կբացահայտեն ճշմարտությունը: Թեեւ ճշմարտության բացահայտումը եւ դատապարտումը ցավալիորեն չեն վերականգնի Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները` ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային: Չնայած բացահայտելու շատ բան էլ չկա. բոլորի համար էլ պարզ է, որ 2020 թվականին Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ այդ ժամանակ Հայաստանում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է թերուս, ագահ եւ ստախոս Նիկոլ Փաշինյանը:

Ավետիս Բաբաջանյան