Մուրադյանն ընդդեմ Թորոսյանի նիստը հետաձգվել է․ պատճառը՝ պայքարն է կորոնավիրուսի դեմ

Մուրադյանն ընդդեմ Թորոսյանի նիստը հետաձգվել է․ պատճառը՝ պայքարն է կորոնավիրուսի դեմ

Ապրիլի 8-ին հետաձգվել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով նիստը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մուրադյանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը նշեց, որ իրենք են հանդես եկել նման միջնորդությամբ․ «Նախօրոք դիմել ենք դատարան՝ հետաձգելու համար՝ պատճառաբանելով, որ համավարակի պայմաններում հայցվորի եւ պատասխանողի ղեկավարած կոլեկտիվները  համատեղ պայքարում են։ Այս պայմաններում գտել ենք ոչ նպատակահարմար այդ նիստի կայացումը։  Նիստը նշանակվել է հուլիսի ութին»։
Իսկ թե ինչո՞ւ այդքան ուշ, պատասխանեց․ ,«Ցավոք, մեր քաղաքացիական դատարանները ծանրաբեռնված են, էս գործի համար ասեմ, որ չգիտենք՝ արտակարգ դրությունը ինչքան կշարունակվի։ Էս իմաստով ինչ-որ տեղ հասկանալի է այս խնդիրը, բայց ընդհանուր առմամբ՝ քաղաքացիական գործերով ահավոր ծանրաբեռնվածություն կա եւ նիստերի հետաձգումը մի քանի ամիս արդեն սովորել ենք»։

Նա նաեւ նշեց, որ ըստ էության՝ գործով մեկ նիստ է եղել։
Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:

Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել էր, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ: 

Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։

Բացի այս, հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։