Պարազիտները

Պարազիտները

Մեր իշխանությունների եւ հասարակական-քաղաքական գործիչների ամենասիրելի գործը սեմինարներ, քննարկումներ, համաժողովներ կազմակերպելն է: Ի՞նչ կա ավելի անշառ, քան հերթական դահլիճային քննարկումը կազմակերպելը: Իսկ իշխանության պարագայում դա նաեւ օգտակար է ու հաճելի, քանի որ լեգիտիմ պատճառ է բյուջեից փողեր դուրս գրելու, միջազգային կառույցների տրամադրած դրամաշնորհները «մեջ-մեջ» անելու: Մի քանի օր առաջ դահլիճ են վարձակալում, ֆուրշեթ պատվիրում, հրավիրատոմսեր ուղարկում, բանախոսներին որոշում, եւ հայդե` նշանակված ժամին, ձանձրույթից հորանջող դեմքերով գալիս են ու նստում այդ դահլիճում: Իհարկե, շատ քչերն են լսում, թե ինչ են ասում բանախոսներն իրենց ելույթներում: Դրանք «գալոչկա» դնելու համար են, որպես կանոն, հնչում եւ գրեթե երբեք ոչ մի օգտակար ու խելացի միտք չեն պարունակում, առավել եւս` որեւէ հետեւանք չեն ունենում: Բայց չինովնիկների եւ հանրային գործիչների մի մեծ խումբ կա, որոնց հաց մի տուր, ջուր մի տուր, մի տեղ սեմինար կազմակերպի եւ հրավիրի:

Շատ ավելի ուրախալի է, եթե այդ սեմինարը երկօրյա է եւ տեղի է ունենում որեւէ հանգստյան տանը` Երեւանից դուրս: Սեմինարիստների այս բազմությունն անգիր գիտի հայաստանյան բոլոր հանգստավայրերը, դրանց առավելություններն ու թերությունները: Սրանք ճամփորդական պայուսակներն էլ երբեք չեն դատարկում` կազմ-պատրաստ իրենց բնակարանների միջանցքներում դրված են, որ երբ մեկը զանգի ու ասի` վաղը գնում ենք Ծաղկաձոր կամ Դիլիջան, րոպե անգամ չկորցնեն ու ճանապարհ ընկնեն: Ո՞վ կարող է հաշվել, թե այս 30 տարիներին քանի նման համաժողով ու սեմինար են արել Հայաստանում, եւ քանի գրոշի օգուտ են ստացել երկիրը, հասարակությունը դրանցից: Բայց նորից ու նորից հրավիրում են, հավաքվում, քննարկում: