Զրահաբաճկոն՝ ուսապարկի փոխարեն

Զրահաբաճկոն՝ ուսապարկի փոխարեն

Նույնիսկ օրերի ընթացքում արագ իշխանափոխություն անելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ու նրա գրպանային պատգամավորներն արդեն իսկ փաստարկների առավել քան բավարար բազա են ապահովել Բաքվի համար՝ հետագայում դրանք մեր դեմ օգտագործելու եւ Արցախի զավթումը հիմնավորելու։ Խիստ մտահոգիչ է, որ իշխանական տեղեկատվամիջոցներով, Հանրային հեռուստաընկերությամբ, հրապարակային հարթակներով Ադրբեջանի հանդեպ չափից դուրս ներողամիտ լինելու, նրա հետ հարեւանություն անելու, անցյալը մոռանալու եւ ամեն ինչ մաքուր էջից սկսելու արատավոր քարոզ է տարվում, որը կարող է պարզապես բթացնել հանրային զգոնությունը։

Ադրբեջանը հարեւա՞ն է, թե՞ թշնամի, եւ եթե նա հարեւան է, արդյո՞ք իրեն հարեւանի պես է պահում։ Այն, որ Հայաստանի արձագանքը զրոյական է, ավելին՝ թշնամական թեզերին համահունչ, Ալիեւին հիմք է տալիս հետագայում Հայաստանի ցանկացած, անգամ ամենաազգայնական իշխանությանն ասելու՝ պայմանավորվածություններն արդեն կայացած են, դրանց չեղարկումը նշանակում է նոր պատերազմ։ Սակայն նույնիսկ արհեստածին խաղաղության օրակարգի դեպքում հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի, սակայն շատ ավելի անարժանապատիվ եւ նվաստացուցիչ դիրքերից։ Չէ՞ որ հոգեպես, մտովի պարտվելն ամենամեծ ողբերգությունն է, քանի որ այդ դեպքում գետնի վրա հաղթելու նույնիսկ երազանքից ես զրկվում։

Ազգային վերածննդի եւ նոր արցախյան շարժման գաղափարական մեկնակետը պետք է լինի այն, որ ոչ թե Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ ճիշտ հակառակը՝ արցախցի պատգամավոր Արթուր Մոսիյանի փայլուն ձեւակերպմամբ՝ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն էր։ Չցավալ Արցախի կորստի համար՝ նշանակում է որեւէ պատկերացում չունենալ այս տարածաշրջանի պատմության ու աշխարհագրության, մեր բարեկամների ու թշնամիների, նաեւ՝ սեփական պետության ու ժողովրդի մասին։ Ո՞րն է Արցախի օտարման եւ խաղաղության դարաշրջանի բացման գինը՝ այն, որ բանակի օպտիմալացման, իրականում՝ թվակազմի եւ հզորությունների կրճատման ֆոնին գյուղաբնակ հայը միայնա՞կ է մնացել թշնամական զորքերի դեմ, որոնք առաջվա պես, նույնիսկ ավելի ուժգնորեն, ուզում են ոչնչացնել նրան։

Հայաստանի խորհրդարանը շարունակաբար վիժեցրել է ընդդիմության ներկայացրած հայտարարությունների նախագծերի ընդունումը, որոնք վերաբերում էին սահմանազատման եւ սահմանագծման, ապա եւ Շուշիի հռչակագրի ընդունման անթույլատրելիությանը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու անընդունելիությանը։ Յոթերորդ գումարման խորհրդարանում նման հայտարարությունների նախագծեր ընդունելու փորձեր անում էին ՔՊ-ն լքած հատուկենտ պատգամավորները, այս մեկում՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները, սակայն դրանք ամեն անգամ ի դերեւ են ելնում իշխանության մտավախությունների պատճառով։ Ո՞ւր է եռակողմ հայտարարության երրորդ կողմը, երբ մեկուկես տարի է՝ դրա մի քանի հոդվածներ հիմնավորապես խախտվում են, ավելին՝ երբեմն կողմերից երկրորդն էլ՝ միջնորդը, չկա։

Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն այսօր դիմազուրկ եւ կամակատար երեսփոխանների հավաքատեղի է, որը մի կողմից որեւէ գործընթացից տեղյակ չէ, ինչպես պատերազմի օրերին էր անտեղյակ դրա իրական ընթացքից, չունի կատարվող աղետների որեւէ բացատրություն ու հիմնավորում, մյուս կողմից՝ ակամա քաղաքական պատասխանատվություն է ստանձնել դրա համար եւ պատրաստ է կրծքով պաշտպանել սեփական առաջնորդին։ ՔՊ-ական պատգամավորներին որպես ամենավերջին ջնջոց օգտագործելուց, հետպատերազմյան հանրային պախարակման ենթարկելուց հետո անգամ Փաշինյանը նրանց մեծամասնությանն իր կողքին պահեց՝ սպառնալիքներով, շանտաժով, այլ միջոցներով, այն դեպքում, երբ նրանք իրապես տեղյակ չէին, թե ինչ է կատարվում ռազմադաշտում, եւ, փաստորեն, զրոյական դերակատարում ունեին՝ իբրեւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ։ 

Նույնն էր երեկ, նույնն է այսօր, գործում է բացառապես մեկ մարդու կամքը։

Դավիթ Սարգսյան