Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշն ընդունելի է, Արցախինը՝ չէ՞․․․

Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշն ընդունելի է, Արցախինը՝ չէ՞․․․

Արցախը Հայաստան է ու վերջ։ Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Ես Հայաստանի վարչապետն եմ, ու քանի որ Արցախն էլ Հայաստան է, Արցախի հետ կվարվեմ նույն իրավունքով, ինչ իրավունքով վարվում եմ Հայաստանի հետ։ Այդպես էլ վարվեց։ Արցախի ժողովուրդը Փաշինյան Նիկոլին որպես գոյաբանություն ճանաչեց Հայաստանի վարչապետ դառնալուց հետո։ Բայց դա չխանգարեց, որ Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնվի Հայաստանի ձեռքով։ Արցախցիների մանդատը չունենալով, «գեղավարի լուծեց» Արցախի հարցը։ Հիմա էլ  «Արցախից պրծնելուց հետո» ձեռքերը լվացել ու երկու տարի է Արցախ չի գնում , ասել է թե՝ հիմա էլ անցել է Արցախը Հայաստանից պառակտելու գործընթացին։

Երեկվա հանրահավաքին, երբ Արցախի դրոշը կանգնեցվեց Երևանի սրտում, ամենամեծ քաղաքական ձեռքբերումն էր։ Դա ահազանգ էր՝ պառակտման դեմը առնել։ Առայժմ հնարավոր չէ, հայը հայի դեմ հանելու պառակտումների հեղեղի դեմ ամբարտակ դնել, բայց պատերազմական այս իրավիճակում, երբ Արցախի լինելության հարցն է դրված, ամենայն լրջությամբ պետք է լուծել Արցախի ու Հայաստանի խարխլած, ավերած միասնականության հարցը։ Հայաստանի ժողովուրդը պիտի կանգնի Արցախի կողքին։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը մեզ հասցրել է այնտեղ, որ Հայաստանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Խայտառակություն է՝ գործող իշխանությունը ընդունում է, երբ Հայաստանի տարածքում կախվում է Ադրբեջանի դրոշը։

Սպասենք արձագանքի, թե «բրյուսելան հաղթանակից հետո» ինչպես կընդունվի Արցախի դրոշը։ Չնայած նրա թմբկահարներն արդեն «գեղգեղում են»։ Հայաստանի տարածքում մարդիկ վախվորած են կանգնեցնում Արցախի դրոշը։ Վախենում են օրվա իշխանության պատասխան քայլերից։ Նման մթնոլորտում, ո՞վ կհավատա, որ Հայաստանը կխոսի Արցախի ինքնորոշման մասին։ Հայաստանի տարածքում Արդրբեջանի դրոշն ընդունելի է, Արցախինը չէ՞․․․