Որ գյուղերի գյուղապետերն են գնում Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման
Փոխվարչապետ Մհեր Գիրգորյանի հետ կառավարության շենքում այսօր հանդիպում է նշանակվել Տավուշի մարզի ղեկավարների հետ, այդ թվում՝ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարների։ Սրանք այն գյուղերն են, որոնց տարածքները հանձնվում են Ադրբեջանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, իշխանությունն այս հանդիպումով փորձելու է մեծացնել իր մերձավորների շրջանակը, մոլորեցնել ժողովրդին։
«Իշխանությունը ամեն վայրկյան, ամեն րոպե խաբում է ժողովրդին։ Այս մարդիկ փորձում են իրենց սեւ գործն առաջ տանել։ Տավուշցիներին խոստացել էին, որ ականազերծման եւ չափագրման գործողությունները կդադարեցվեն մինչեւ երկուշաբթի՝ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը։ Երեկ խախտեցին պայմանավորվածությունը, չափագրման աշխատանքներ են իրականացվում Կիրանց գյուղում՝ եկեղեցու եւ նորակառույց դպրոցի կողքը։ Գյուղացիների հետ կարողացանք այնպես անել, որ դադարեցնեն այդ աշխատանքները։ Իբր հանձնաժողով են ստեղծել, որի մեջ ընդգրկել են համայնքապետերին, խոշորացված համանքների ղեկավարներին, մարզպետին։ Բոլորը կա՛մ ՔՊ-ական են, կա՛մ իշխանամետ շրջանակներ, որոնք, ըստ Գառնիկ Դանիելյանի, չեն կարող չկատարել ՔՊ-ականների ապօրինի որոշումները»,-ասաց պատգամավորը։
Դանիելյանի տեղեկություններով՝ տավուշցի ղեկավարները որոշել են հանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ, սակայն, ըստ նրա, հարցը միայն գնալ-չգնալը չէ, այլ գնալով մի արդյունքի հասնելը։ «Որ գնան էլ, դա արդյունք չի տալու, որովհետեւ ՔՊ-ի նպատակը՝ հանցակիցների թիվն ավելացնելն է։ Փաշինյանը Ալիեւի հետ որոշումներ է ընդունում ու փորձում է տարբեր ձեւերով անցկացնել։ Մի տեղ փորձում են համոզել, մի տեղ կաշառել, մի տեղ սադրել։ Իրենց նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։ Դրանում ներառվել են նաև Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարները և բնակիչները։ Հանձնաժողովը կղեկավարի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Կարծիքներ