Դժվար թե երբևէ տեղի ունենա

Դժվար թե երբևէ տեղի ունենա

Հունիսի 17-ից Բեռլինում մեկնարկած «Հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղեր»-ին մասնակցում է հայաստանցի 4 մարզիկ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով խաղերի բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Խաչատուրյան Վահագնը: Նախագահների հանդիպմանը պարոն Շտայնմայերը նշել է, որ «Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար: Գերմանիայի նախագահը մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում»: Բայց, չգիտես ինչու, պարոն Շտայնմայերը որևէ ձևով չի անդրադարձել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության չճանաչման հարցին: Չի կարևորել այն հանգամանքը, որ տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրում է երկկողմանի գործընթացի առկայություն: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ պարոն Շտայնմայերը պետք է դատապարտեր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ Ադրբեջանի ղեկավարությունից պահանջեր ազատել օկուպացված տարածքներւը: Բայց դա, ինչպես երևում է, տեղի չի ունենում: Եվ դժվար թե երբևէ տեղի ունենա: 

Պարոն Շտայնմայերն, ի դեպ, չի ընդգծել, որ «հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ հետաքրքրված Գերմանիան իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի» Լաչինի միջանցքի բացման առումով: Որովհետև եթե դա տեղի չի ունենում, ապա ինչպե՞ս է ինքը պատկերացնում իր երկրի կողմից մեր տարածաշրջանում «հարատև կայունության հաստատմանը նպաստելու ուղղությամբ» ջանքեր ներդնելը: Ու այս դեպքում չեմ կարող չհիշել ջանքեր գործադրելու իրական և նյութական արտահայտությունը՝ գերմանական գերարդիական «Լեոպարդ» հրասայլերի մատակարարումը Ուկրաինային: Այն երկրին, որը, պարոն Շտայնմայերի կարծիքով, ենթարկվել է օտարերկրյա ագրեսիայի: Բայց քանի որ մեր առումով նման բան տեղի չի ունենում, ապա պետք է ենթադրել, որ ՀՀ-ն չի ենթարկվել ագրեսիայի: Եվ կամ էլ դա չի արձանագրվել պարոն Շտայնմայերի և այն երկրի կողմից, որին ներկայացնում է ինքը: Բայց քանի որ ես ենթադրությունների կարիքը չեմ զգում, պետք է արձանագրեմ, որ մեր դեպքում կյանքի է կոչվում երկակի չափանիշների կիրառման գործընթացը: Եվ դրա հիմքը թե՛ ադրբեջանական նավթա-գազային պաշարներն են և թե՛ Հայաստանի՝ Ռուսաստանին թշնամի չլինելու հանգամանքը: 

Երկրորդի առումով չեմ կարող չավելացնել՝ ընդամենը դեռևս: Որովհետև իրենց կողմից աջակցվող «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանն» ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարվի այդ «խոչընդոտը» ևս: Եվ Գերմանիան, ի դեմս կանցլեր Օլաֆ Շոլցի, այդ հարցում ամեն կերպ աջակցում է Փաշինյան Նիկոլին: Աջակցում է, որպեսզի Հայաստանը ոչ թե արժանապատիվ, այլ պարտվողական համաձայնություն կնքի Ադրբեջանի հետ: Մի երևույթ, որին թե՛ պարոն Շտայնմայերը և թե՛ պարոն Շոլցը դեմ են Ուկրաինայի առումով: