Ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա զարգացումներից, որոնց այն պատրաստ չէ

 Ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա զարգացումներից, որոնց այն պատրաստ չէ

«Որևէ մեկը չի ասում, թե Ադրբեջանը և Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ, դա փաստ է, նաև պետք է արձանագրենք՝ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների նկատմամբ, նույն կերպ՝ թշնամաբար: Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու: Մենք ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա այն զարգացումներից, որոնց մեր երկիրը պատրաստ չէ ու չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով»: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո: Ես հաճախ եմ ասել, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում է, և կապ եմ տեսել դրանում, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք այնպիսի մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում: Ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին: Եվ երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալները ունենք, այո՛, մենք էլ մեր սխալները ունենք: Կարող է այդ սխալների մեջ է մտնում նաև այն, որ օգտվում են, ու մենք դա չենք նկատում, և ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, վերցնում ենք այդ նարատիվը և դնում շրջանառության մեջ: Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու»,- ասել է նա: