Պարտվածը չի կարող ոչինչ պարտադրել հաղթածին

Պարտվածը չի կարող ոչինչ պարտադրել հաղթածին

Վաղուց Նիկոլի «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» արտահայտությանը չէի անդրադարձել: 2018-ի հաջողված իշխանափոխության շնորհիվ ծնունդ առած այդ գաղափարը դարձել էր վերջինիս գործունեության հավատո հանգանակը: Սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը պետք է նրան համոզեր, որ իր հավատո հանգանակն անհեթեթություն է: Ավելին, այն հանցագործության աստիճանի սխալ է, եւ վարչապետի պաշտոնին բազմած անձը պետք է ազատվեր դրանից: Եվ անել դա հնարավորինս արագ: Բայց, ինչպես բազմիցս է ասվել, այն, ինչն ընդունելի է նորմալ տրամաբանության տեսակետից, տեղ չի գտնում Նիկոլի ուղեղում: Որովհետեւ եթե գտներ, ապա ինքը վերջապես կգիտակցեր, որ պատերազմում պարտություն կրելը չի կարող դիտվել ճշմարիտ ճանապարհ: Որովհետեւ այն բերում է ոչ թե զարգացման, այլ՝ պետության կործանման:

Ինքը պետք է հասկանար, որ պատերազմում պարտված կողմը չի կարող պարտադրել ոչինչ եւ նույնիսկ խաղաղություն, որքան էլ անսասան ձգտի դրան: Որովհետեւ խաղաղության պայմանները որոշում է ոչ թե պարտվածը, այլ՝ հաղթանակած կողմը եւ դրանք պարտադրում է պարտվածին: Եվ որքան էլ Հայաստանը, Նիկոլի ասելով, «շարունակի վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին», այն կյանքի չի կոչվի, քանի դեռ այդ օրակարգն ամբողջությամբ չի համապատասխանեցվել թշնամու պահանջներին: Կամ՝ քանի դեռ աշխարհի ավելի զորեղ ուժերը հաղթողին չեն պարտադրել այն, ինչն իրենք ցանկանում են: Ինչպես դա տեղի ունեցավ 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմի առումով: Եվ ինչը բացարձակ չի երեւում մեր դեպքում: Եվ որքան էլ Նիկոլը պաշտոնական Բաքվին կոչ անի՝ «ձեռնպահ մնալ խաղաղությունը հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», այն կմնա ձայն բարբառո հանապատի: Ճիշտ այնպես, ինչպես ներքաղաքական կյանքում են Նիկոլին ուղղված կոչերը մնում անարձագանք: 

Եվ ինչքան պետք է ասել Նիկոլին, որ նրա անհեթեթ գաղափարը՝ միջազգային երաշխիքների ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը, տեղի չի ունենա երբեք: Որովհետեւ դա նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին՝ ցանկանան դա, թե ոչ ինքը, Արոն ու մյուսները: Ողջ ադրբեջանամետ իշխանությունը, որ համաձայնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառվելու իր տեսակետի հետ: Միջազգային երաշխիքներ տվողն էլ պետք է լինի միջազգային հանրություն կոչված անդեմ եւ անսեռ արարածը: Իսկ դրան ձեռ է տալիս, որպեսզի Արցախը ներառվի Ադրբեջանի կազմում: Եվ ռուսները, որպես առաջին քայլ, հեռացվեն այնտեղից: 

Անդեմ եւ անսեռ այդ արարածի կողմից կարծես թե հնարավոր լուծվելիք խնդիրն անգամ լուծում չի ստանում ու ստանալու միտում չի ցուցաբերում: Լաչինի միջանցքի ապաշրջափակումը միջազգային հանրությանը հասցեագրելը եւս Նիկոլի հավատո հանգանակի տապալումն է: Դրա արժեքը նույնիսկ ինքը տեսավ միջազգային դատարան կոչված կառույցի որոշման, այդ որոշման վերահաստատման եւ դրա նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքի մեջ: Ինչպես նաեւ այդ վերաբերմունքին պատժամիջոցներով գնահատական տալու՝ տվյալ դատարանի անկարողության մեջ: 

Ինչպես երեւում է, ՄԱԿ-ի ենթակայության դատարանի անկարողությունը փոխանցվելու է հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Որի նիստին անհամբերությամբ սպասում էին Արցախում ու Հայաստանում: Ինչը, առնվազն, անհասկանալի էր՝ եթե ՄԱԿ-ի ենթակայության դատարանը ոչինչ անել չի կարողանում, ապա ինչ պետք է անեն Անվտանգության խորհրդի՝ իրար բացառող շահերով առաջնորդվող երկրների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ ոչինչ:  Ինչ մնում է Նիկոլի ասած՝ «ստեղծված իրավիճակի լավագույն (ես կասեի՝ հայամետ) լուծմանը», ապա այն ինքն իրեն հրաժարական պարտադրելն է, Ազգային ժողովը ցրելը եւ նոր ընտրություններ կազմակերպելը: Որին, բնականաբար, չպետք է մասնակցի իր հիմնադրած կուսակցությունը: Ինչը հնարավորություն կտա նոր իշխանությանը՝ նորովի մոտեցում ցուցաբերել թե՛ Արցախի եւ թե՛ ընդհանրապես մեր պետականության անվտանգության մարտահրավերներին: