Հայրենի հողի զորությունը

Հայրենի հողի զորությունը

Բաբայաններն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից են: Դեռեւս 1988 թվականին նրանք Մինգեչաուր քաղաքից տեղահանվել են Ստեփանակերտ: Նորից քարը քարին են դրել, տուն կառուցել ու առաջ նայել: Ընտանիքի հայրը` Գուրգենը, մասնակցել է արցախյան առաջին, իսկ որդիները՝ վերջին՝ 44-օրյա պատերազմին:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ «Ինն ամիս շարունակ լավատեսությամբ, չկորցնելու վախով ենք ապրել, հողի քաղցրությունը ե՛ւ հաց էր, ե՛ւ աղ»,- արցունքների միջից պատմում է ընտանիքի մայրը` տիկին Նաիրան։ «44-օրյա պատերազմի ժամանակ անգամ այսպիսի վիճակում չէինք, ինչպես հիմա»,- մղկտում է նա։

Տիկին Նաիրան Արցախի շրջափակման օրերին է նույնիսկ երանի տալիս, քանի որ դեռ այդ ժամանակ իրենց հայրենի հողում էին: Նա անդադար պատմում է իր տեսածն ու զգացածը` վերհիշում իրադարձությունները: Սեպտեմբերի 25-ին ընտանիքը լքել է Արցախը։ «Երեք օրերը թվում էին անվերջանալի եւ  մղձավանջային, միայն մտածում էինք փրկվելու մասին,- պատմում է տիկին Նաիրան,- ճանապարհին, ամեն տեղ կանգնելիս հետ էինք նայում՝ չհավատալով, որ վերջին անգամ ենք նայում Արցախին, մեր հող ու ջրին: Բայց եղավ այն, ինչ եղավ…»:                                                                        

Այժմ ընտանիքն իր 12 անդամով ապրում է վարձով փոքրիկ բնակարանում: Իրենց հետ մի թանկ մասունք են բերել Արցախից` հայրենի հողը: Տիկին Նաիրան ամեն առավոտ բոլորից գաղտնի համբուրում է հողը, որը նրան կարծես ապրելու ուժ եւ հավատ է ներշնչում։ «Պարկի բերանը պինդ փակած եմ պահում, որ հանկարծ հողը չչորանա, չէ՞ որ այդ հողի մեջ մեր մայրերի արցունքներն են»,- ասում է տիկին Նաիրան եւ պատմում, թե ինչու են բերել հողը: Նա սպասում է, որ պարզվի վառելիքի պայթյունից զոհվածների թիվը: Հենց այդ ժամանակ էլ որոշել է տնկել զոհերի թվով անթառամ ծաղիկներ եւ այդ հողից խառնել Հայաստանի հողին: Այդ հողից թոռնիկները տարել են դպրոց: Դպրոցում սովորող արցախցի երեխաները հողը խառնել են Հայաստանի մայր հողին եւ փոքրիկ ծառ տնկել: Իրենք վստահ են, որ այդ ծառը հետագայում խոր արմատներ կունենա իրենց հայրենիքում:

Շուշան Սարիկյան