Սա աղետ է․ Գուտերեշը դիմել է աշխարհին

Սա աղետ է․ Գուտերեշը դիմել է աշխարհին

ՄԱԿ-ի ղեկավարը մի շարք սուր արտահայտություններ է արել ամբողջ աշխարհում այս ամիս գրանցված աննախադեպ շոգ եղանակի վերաբերյալ, որը, ըստ նրա, «ռեկորդներ է սահմանում ամբողջ աշխարհում», հաղորդում է Sky News-ը:
Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Անտոնիո Գուտերեշն ասել է, որ դա «դաժան ամառ» էր Եվրոպայի, Չինաստանի և Հյուսիսային Ամերիկայի մեծ մասի համար. 

«Դա աղետ է ամբողջ մոլորակի համար»:

«Գիտնականների համար ակնհայտ է, որ մարդն է մեղավոր։ Այս ամենը լիովին համահունչ է կանխատեսումներին ու կրկնվող զգուշացումներին»,-նկատել է նա և ընդգծել, որ միակ անակնկալը փոփոխությունների արագությունն է։

«Կլիմայի փոփոխությունն արդեն առարկայական է, սարսափելի է։ Եվ սա դեռ սկիզբն է։ Գլոբալ ջերմացման դարաշրջանն ավարտվել է. եկել է համաշխարհային եռումների դարաշրջանը»,-հայտարարել է Գուտերեշը։
Գլխավոր քարտուղարը հավելել է. «Անհնար է օդ շնչել։ Շոգն անտանելի է։ Իսկ հանածո վառելիքի եկամուտների և կլիմայական անգործության մակարդակն անընդունելի է»:

Գուտերեշը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել շտապ ղեկավարել կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

«Այլևս ոչ մի անվճռականություն։ Այլևս ոչ մի արդարացում: Այլևս չպետք է սպասել, որ ուրիշներն առաջին քայլն անեն: Սրա համար ուղղակի ժամանակ չկա»,- եզրափակել է նա։