Անկախ դատավորները՝ իշխանության դասակարգային թշնամի

Անկախ դատավորները՝ իշխանության դասակարգային թշնամի

Իր պաշտոնավարման հինգերորդ տարում իշխանությունը շարունակում է դատարանները եւ դատավորներին ընկալել որպես ենթադրյալ վտանգի աղբյուր, տեղ-տեղ՝ անկառավարելի, անգամ՝ թշնամական ինստիտուտ, որն ամեն գնով պետք է ճնշել եւ լռեցնել։ Կոպտորեն ոտնահարելով դատական անկախության սահմանադրական սկզբունքը՝ իշխանախումբը երեսպաշտություն է անում՝ պնդելով, թե իրենք իբր վստահ չեն՝ դատարաններն այլ ուժերից, օրինակ՝ նախկին իշխանություններից, անկա՞խ են։ Փաստն այն է, որ առնվազն 2018-ի օգոստոսից սկսած, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ազատ արձակվեց, իշխանության դատաիրավական «բարեփոխիչների» թեւն սկսեց երկնել մեկը մեկից իրավիճակային ու անհեթեթ, կոնկրետ գործի արդյունքներով գրված օրենսդրական փաթեթներ՝ է՛լ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ընդլայնում, է՛լ մինչդատական քրեական վարույթը վերահսկող, պարզ ասած՝ կալանք տվող դատավորների ինստիտուտի ներդրում, է՛լ հակակոռուպցիոն կոմիտեի եւ դատարանի ստեղծում, եւ այլն։

Եվ քանի որ որեւէ իրավական «բարեփոխման» հարցում վճռորոշ է քաղաքական պատեհությունը, պարզ է, որ ո՛չ իրավապահ, ո՛չ դատական համակարգից արդարության հանրային սպասում չկա։ Ինչ-որ պահի նույնիսկ մանրազնին գծագրած այդ համակարգն սկսեց խափանումներ տալ, երբ, օրինակ, իշխանության կողմից նշանակված մեծամասնություն ունեցող Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվում Ռոբերտ Քոչարյանին։ Այդ փաստը քաղաքական կոնյունկտուրայի առումով զարմանալի էր, սակայն ոչ անսպասելի իրավական նորմերի եւ դրանց մեկնաբանման հարցում նվազագույն գիտելիք ունեցող անձանց համար։
Անցած չորս տարվա իրավական նիհիլիզմի, ոլորտի հաջորդական տապալումների փորձը հուշում է մեկ բան՝ այն, որ դատաիրավական համակարգի հետ պետք է ապրել հաշտ՝ շատ բան թողնելով ինքնակարգավորման։ Մինչդեռ հակառակը՝ երբ սկսում ես մի քանի օդիոզ դատավորի կերպարներն ընդհանրացնելով (որոնք, ի դեպ, մեծագույն պատրաստակամությամբ ծառայում են նաեւ այս իշխանությանը)՝ պիտակավորել ու թիրախավորել ամբողջ համակարգը, այն բնականորեն դիմադրում է։ Մեր պետությանն ու հանրությանն անհրաժեշտ է երկարատեւ հաշտեցում դատական համակարգի հետ։ Հանրային դիմադրությունը չպետք է թույլ տա դատավորներին, դատարանների նախագահներին եւ ԲԴԽ անդամներին որեւէ կերպ ենթարկվել վարչապետին կամ գործադրին, մասնակցել նրա հրավերով խորհրդակցություններին՝ իբր ինչ-որ վիճակագրությունների ամփոփման թեմայով, ավելին՝ գանգատվել նախաքննության որակից։ Եթե դատավորների ներքին զսպօղակները չաշխատեն, նրանց համայնքն անդադար թիրախում է լինելու։ Օրինակ, վարչապետը որպես սեփական մեծահոգություն է ներկայացնելու այն, որ չկայացած վեթինգի արդյունքում է միայն, որ գործող հարյուրավոր դատավորները դեռեւս պաշտոնավարում են։

Այս իշխանության փոփոխամիտ բնույթից ելնելով՝ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ օրեր առաջ Եվրամիության աջակցությամբ ազդարարված՝ Մարդու իրավունքների պաշտպանության գործողության նոր ծրագիրը եւս տապալվելու է, եթե, իհարկե, այդ մարդը վարչապետն ինքը չէ։ Անցած տարի՝ արտահերթ ընտրության նշանակման հարցում, օրինակ, էական դարձավ Փաշինյանի եւ խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի եռակողմ պայմանավորվածությունը, մինչդեռ ժամկետը պետք է կարգավորեին բացառապես հանրապետության նախագահն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հիմա եւս՝ ինչ հարց էլ լինի, ունենա Փաշինյանն այդտեղ որեւէ լիազորություն, թե ոչ, նա ինքն է միանձնյա որոշելու, իսկ մյուսները կատարելու են։ Նա է երկրի վարչապետն ու նախագահը, ԱԺ խոսնակն ու խմբակցության ղեկավարը, գլխավոր դատախազն ու ՍԴ նախագահը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, պարզապես այդ դերերը ֆորմալ այլ անձանց են պատկանում։

Դավիթ Սարգսյան