Ռադիոյի նոր տնօրենը՝ Գարեգին Խումարյա՞ն. մրցույթի մասնակիցները դժգոհ են և պատրաստվում են բողոքի ակցիայի

Ռադիոյի նոր տնօրենը՝ Գարեգին Խումարյա՞ն. մրցույթի մասնակիցները դժգոհ են և պատրաստվում են բողոքի ակցիայի

Ապրիլի 3-ին հանրային հեռուստատեսության  և ռադիոյի խորհուրդը պետք է հայտարարի հանրային ռադիոյի տնօրենի անունը: Այսօր երեկոյան մասնագիտական շրջանակում արդեն տարածվեց հաղթողի անունը՝ Գարեգին Խումարյան, որը անգամ երկրորդ փուլ չի անցել և ընտրվել է հանձնաժողովի կողմից զուտ Արա Շիրինյանի հետ կապերի շնորհիվ: 

 Ի սկզբանե, առավել հավանական թեկնածու էր համարվում  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը: Նա ուներ նաև Երվանդ Երզնկյանի գլխավորած մրցութային հանձնաժողովի աջակցությունը, քանի որ հանձնաժողովի անդամները Զաքարյանի ընկերներն էին և կոլեգաները: Մեր տեղեկություններով, հանձնաժողովը որոշել էր, որ պետք է անցնի Ստեփան Զաքարյանը: Սակայն երեկ ՀՌԱՀ-ը հայտարարեց հանրային հեռուստառադիոխորհրդի նոր նախագահի անունը՝ Արա Շիրինյան, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրած թեկնածուն էր և այս կուսակցության կառույցներից մեկի հոգաբարձուների խորհրդի անդամ է, թեև կուսակցական չի: 
Արա Շիրինյանի միջոցով հանձնաժողովին հուշել են նաև ռադիոյի ապագա տնօրենի թեկնածուին: Գարեգին Խումարյանը հայտնի ռադիոլրագրող, «Մայակ» ռադիոկայանի հայկական թղթակից, իսկ հետագայում «Մայակ-իմպոլս» ռադիոկայանի տնօրեն Կորյուն Խումարյանի որդին է, սակայն հոր կեսի չափ էլ ճանաչված չի: Նա ռուսախոս է, քաղաքական հաղորդումներ է վարում իր հիմնադրած  «Լրատվական ռադիո»-ում: Վերջինս հեռարձակվում է 106,5 գերկարճալիք հաճախականության վրա և հաճախակի քաղաքական քննարկումներ է հեռարձակում: Գարեգին Խումարյանը հայտնի է նաև որպես հաճախակի գրանտներ ստացող, որոնց շնորհիվ էլ գոյատևել է նրա ԶԼՄ-ն:

Արդեն հայտնել ենք, որ մրցույթը անցկացվել է երկու փուլով: Երկրորդ փուլ են անցել 5 թեկնածու՝ Ստեփան Զաքարյանը, ռադիոյի հաղորդավար Տիգրան Հարությունյանը, ռադիոյի նախկին աշխատակից, «Ինչ է ուզում կինը» հաղորդաշարի հեղինակ Լիլիթ Մելքոնյանը, Կամերային թատրոնի տնօրեն, «Ռադիոլուրի» նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը եւ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Գարեգին Խումարյանը նրանց թվում չի եղել, սակայն հետողորմյա է արվել պարտվածների ցանցկից այսօր առավոտյան միայն: Վճռորոշ դեր է կատարել այս հարցում հեռուստառադիոխորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը: Գարեգին Խումարյանը Արա Շիրինյանի ընկերն է: Քանի որ Գոգոր Նազարյանը ամենաթույլ օղակն է եղել այս պարագայում, հենց նրան են դուրս հանել հաղթողների ցուցակից, փոխարենը մտցնելով Գարեգին Խումարյանին: Մրցույթի մասնակիցները դժգոհ են այս զարգացումներից: Ռադիոն պատրաստվում է բողոքի ակցիայի: «Հերթական անգամ ունենք անարդար, կեղտոտ ընտրություն», - ասաց թեկնածուներից մեկը, շատերի տրամադրությունը նաև արտացոլելով: