Գերմանիայում փակվել է մորթեգործական վերջին ֆերման

Գերմանիայում փակվել է մորթեգործական վերջին ֆերման

Գերմանիայի Ռադեն քաղաքում փակվել է ջրաքիսների մորթեգործական վերջին ֆերման։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Ըստ հրապարակման, փակման պատճառը բնապահպանների ճնշումն է եղել։ Կենդանիների պաշտպանության բյուրոն հրապարակել էր կադրեր, որտեղ ներկայացվել էին, թե ինչպիսի նեղլիկ եւ անտանելի պայմաններում են պահվել ջրաքիսները։ Այդ քայլից հետո տեղի բնապահպանական պետական տեսչությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալյան երկրամասի իշխանությունների հետ այցելել են ֆերմա եւ տեսել արդեն դատարկ վանդակները եւ փակված ֆերման։ Ֆերմայի սեփականատերը որը 20 տարի այդ գործով է զբաղվել, հաստատել է, որ փակել է իր բիզնեսը հանրային ճնշման տակ։ Նա նաեւ հավելել է, որ ջրաքիսները եղել են հիվանդ եւ դա որակազրկել է նրանց մորթիները։ Նշենք, որ սկսված բնապահպանական շարժման արդյունքում, այնպիսի նորաձեւության հայտնի տներ, ինչպիսիք են Versace-ն, Gucci-ն, Michael Kors-ը եւ Jimmy Choo-ն, հրաժարվել են բնական մորթիների օգտագործումից։