«Հրապարակ». Արցախի ղեկավարների հայրենադարձումը հնարավոր է միայն միջազգային ճնշման ներքո

«Հրապարակ». Արցախի ղեկավարների հայրենադարձումը հնարավոր է միայն միջազգային ճնշման ներքո

Օրեր առաջ Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում արեցին` Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողներին: Վերադարձողները Հադրութի գործողության ժամանակ գերեվարվածներն էին, սահմանի տարբեր հատվածներից գերի տարվածները, իսկ սեպտեմբերին գերեվարված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանը չհանձնեց` նրանց կարծես մոռացել են։ Գուցե պաշտոնական Երեւանը նրանց չի պահանջում: Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների համար Բաքվի դատարանը երկարաժամկետ կալանքներ է սահմանել, դրանց ժամկետը լրանում է 2024-ի փետրվարին: Ի՞նչ ճակատագրի կարժանանան նրանք, կվերադառնա՞ն արդյոք Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, ի՞նչ պետք է անի իշխանությունը, եւ ի՞նչ պետք է անի մեր հասարակությունը՝ 8 արցախցիներին հետ բերելու համար։ Զրուցել ենք ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

- Գերեվարված անձանց կալանավորումների ժամկետը լրանում է 2024-ի փետրվարին: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում հիմա, եւ ի՞նչ կլինի հետո: Հնարավո՞ր է նրանց վերադարձնել Հայաստան:

- Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերը տարբեր իրավական կարգավիճակներ ունեն: Մի խումբն արդեն իսկ դատապարտված է` շինծու մեղադրանքներով: Նրանց մի մասը պատժի կրման փուլում է, բայց կան նաեւ անձինք, որոնք կալանավորվածի կարգավիճակ ունեն` 4-ամսյա ժամկետով: Փետրվար-մարտ ամիսներին կա՛մ կալանքի երկարացման հարց կքննարկվի, կա՛մ էլ, եթե քննությունն ավարտված լինի, չենք բացառում, որ գործն ուղարկվի արդեն դատարան: Իհարկե, այս մասով կանխատեսումներ անելը բավականին դժվար է, հատկապես, որ այս իրավական պրոցեսներում քաղաքական տարր է առկա, սակայն իրավական առումով երկու հնարավորություններն էլ հավասարապես հավանական են: Հետեւելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությանը, թերահավատ եմ, որ Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն` առանց դատավարությունների: Ադրբեջանը հետամուտ կլինի բեմականացված դատավարությունների, որտեղ հասարակությանը կներկայացնեն իրենց կեղծ թեզերը, այդ դատավարությունների միջոցով կփորձեն ցույց տալ, որ դրանք ապացուցված են, հիմնավոր, եւ որ տեղի է ունենում արդարադատական մեծ գործ: Նաեւ կփորձեն ներքաղաքական հարցեր լուծել եւ այլն: Հնարավոր հայրենադարձումները կարող են լինել միջազգային ճնշման ներքո, սակայն ավելի ուշ փուլում: Այս պահին որեւէ նախադրյալ ես չեմ տեսնում, որ անգամ քաղաքական ճանապարհով հայրենադարձվեն ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալները:

- Ի՞նչ պրոցեսներ կարող են լինել: 

- Որպես կանոն, առաջին ատյանը, երբ դատավճիռներ է հրապարակում, քննությունը վերահաստատում է: Իրավունքների պաշտպանության տեսանկյունից մենք պետք է ապավինենք միջազգային իրավունքի մեխանիզմներին, այլ ոչ թե ներպետական ընթացակարգերին, որոնք բացարձակ քաղաքական են: Այսինքն` իրավական գործիքներն այլ նպատակներով են աշխատում:

- Կա՞ն տեղեկություններ, թե ինչպես են մեր հայրենակիցներն իրենց զգում այժմ:

- Տեղեկություններ ստանալն էապես սահմանափակված է, որոշակի պարբերականությամբ Կարմիր խաչն է այցելում նրանց: