Կոնսպիրոլոգիայի էֆեկտը

Կոնսպիրոլոգիայի էֆեկտը

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը որոշ աղբյուներ ներկայացնում են որպես «մեծ գործարքի մեկնարկ»։ Խնդիրը ներկայացվում է այնպես, որ Հայաստանի նոր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցով «որոշակի պայմանավորվածությունների է գնում, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է թուլացնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Այս ֆոնին լրատվամիջոցներից մեկն էլ գրել է, թե «հրաժարական կտա նաեւ Բակո Սահակյանը»:

Զուգահեռաբար գեներացվում է «հեղափոխությունն Արցախ հասցնելու» գաղափարը, որ ջատագովում են նաեւ արցախյան որոշ շրջանակներ: Նրանք չեն թաքցնում սեփական քաղաքական հավակնությունները: Թեև ըստ էության ոչ հանրային քիչ թե շատ աջակցություն ունեն, ոչ էլ իրենց շարքերում պետության ղեկավարի պաշտոնին արժանի որեւէ մեկին: Ինչ-որ տեղից էլ փորձ է արվում սադրել Արցախ-Հայաստան քաղաքական դիմակայություն:

Տպավորություն է, թե որոշ շրջանակներ կցանկանային, որպեսզի Բակո Սահակյանը կոշտ հակադրվեր Նիկոլ Փաշինյանին: Թե ի՞նչ կտա դա նրանց՝ մնում է ենթադրել: Քաղաքական ձախողումը կարելի է փոխհատուցել «հանուն Արցախի անզիջում» կեցվածքով եւ այդ հողի վրա ինչ-որ քաղաքական շահաբաժին վաստակել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԼՂ կարգավորման բանակցություններ արդեն իսկ վարու՞մ է կամ նախապատրաստվու՞մ է վերսկսել ընդհատված քննարկումները՝ պարզ չէ:

Դա չի խանգարում, սակայն, որոշակի շրջանակների՝ նախաձեռնելու կոնսպիրալոգիական արշավ այն կտրվածքով, որ եկող տարեսկզբից ԼՂ կարգավորման ինչ-որ տարբերակ է ներկայացվելու, որը «ենթադրում է հայկական կողմի զգալի զիջումներ»: Այդ քարոզչության թիրախը նույնպես Արցախի իշխանությունն է, որին որոշակի ուժեր մղում են ապրիորի կոշտ կեցվածք որդեգրել: Այդ դեպքում նրանց համար կբացվի ինքնադրսեւորման լայն դաշտ: Ընդհանրության մեջ, այսպիսով, խնդիր է դրված ռետրո-սցենար գործարկել՝ կրկնելու քսան տարվա վաղեմության իրավիճակը, երբ Արցախը մերժեց կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունված տարբերակը, ինչը հանգեցրեց Հայաստանում իշխանափոխության:

Տվյալ դեպքում նախաձեռնող ուժերին չի հետաքրքրում ո՛չ Արցախի, ո՛չ նրա ռազմաքաղաքական ղեկավարության ապագան: Նրանք հետապնդում են իրենց նպատակը՝ Արցախի միջոցով ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, սրել իրավիճակը, ինչին, ըստ հաշվարկի, կարող է հետեւել զանգվածային բողոք՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ: Եթե նպատակադրվածությունը դա չլիներ, ապա կընդգծվեր դրականը, այն, որ Փաշինյան-Սահակյան վերջին հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, եւ առկա խնդիրների կարգավորման շուրջ արձանագրվել է ընդհանուր հայտարար:

Արցախի ամենաազդեցիկ քաղաքական ուժը՝ Ազատ հայրենիք կուսակցությունը, կատարյալ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի ուղեգծին, ներարցախյան հարցերում հանդես է եկել սահմանադրականությունը մինչեւ վերջ պահպանելու դիրքորոշմամբ: Արտահերթ զարգացումների ազդակ չի հնչեցրել նաեւ որեւէ այլ, այդ թվում՝ Ազգային ժողովում ներկայացված, կուսակցություն: Հետեւությունը մեկն է՝ Արցախում կա իշխանափոխությունը հերթական ընտրությունների միջոցով իրականացնելու քաղաքական եւ հանրային լայն կոնսենսուս, որի երաշխավորը գործող նախագահ Բակո Սահակյանն է:

Կոնսպիրոլոգիական տեսություններն Արցախում, կարելի է ասել, տալիս են հակառակ էֆեկտը եւ ավելի ամրապնդում համաձայնությունը, որ մինչեւ 2020 թվականը ներքաղաքական ստատուս-քվոն փոփոխության ենթակա չէ: Դա, ինչ խոսք, չի նշանակում, թե այդ ընթացքում բոլոր տեսակի տեղաշարժերը, կադրային նոր նշանակումները, ռոտացիան կամ փոխատեղումները բացառված են: Ընդհակառակը, որոշակի քայլեր պետք է արվեն եւ, հավանաբար, կարվեն: Բայց այն տրամաբանությամբ, որպեսզի ներքաղաքական դասավորությունը չխախտվի եւ միաժամանակ ամրապնդվի ժողովրդավարությունը: Իսկ կոնսպիրոլոգիական տեսություններին երբեմն կարելի է նաեւ լուրջ նշանակություն չտալ: