Իսկ այս ցուցահանդեսին մեկնե՞լ են Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետը, Արմեն Աբազյանը

Իսկ այս ցուցահանդեսին մեկնե՞լ են Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետը, Արմեն Աբազյանը

«Ռոսօբորոնէքսպորտը» 12-րդ միջազգային ցուցահանդեսն է կազմակերպել ռուսական զենքի արտադրության հետ կապված, որն ընթանում է կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի խորագրով։ Ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 23-25-ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ ՌԴ ԱԽ հովանու ներքո։ Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ-ի եւ գործընկեր երկրների կառավարությունների բարձր ներկայացուցիչները, որոնք ղեկավարում են Ազգային անվտանգության խորհուրդներները, պետությունների ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների խորհրդականները, ՆԳ նախարարներն ու հատուկ ծառայությունների ղեկավարներ ներկա կլինեն։ 

Համաձայն հաղորդման, Ռուսաստանն ունի ահռելի փորձ հանցավորության դիմագրավման, ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի հարցում եւ այդ պայքարն իրականացնում է օդում, ջրում եւ ցամաքում` պաշտպանելով քաղաքացիների, քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների անվտանգությունը եւ սահմանների պաշտպանությունը։ Բոլոր զենքերն ու զինատեսակները փորձարկվել են իրական պայմաններում, ունեն հիանալի բնութագրեր եւ արձագանքներ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից։ 

Ցուցահանդեսում մասնակիցներին առաջարկվելու են ամենաժամանակակից ռուսական միջոցները, որոնք նախատեսված են քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների պաշտպանության, հանրային անվտանգության ապահովման համար՝ օդում, ջրում, ցամաքում եւ կիբերտարածքում, ներառելով նաեւ սահմանային վերահսկողության միջոցները։ 

Արտադրատեսակները ինչպես ռազմական նշանակության են, այնպես էլ երկակի նշանակության` եւ քաղաքացիական նշանակության, եւ չորս թեմատիկ ուղղությունների՝ «Տակտիկական», «Հարձակողական», «Դիպուկահարային», եւ «Հակահարվածային»։ 

Ներկայացվելու են հրաձգային ժամանակակից զինատեսակներ, որոնք արտադրված են «Կալաշնիկով» կոնցեռնի, «Բարձր ճշգրության համակարգեր» հոլդինգի եւ այլ ընկերությունների կողմից, «Օրսիս» հրացաններ», բարձր բեկորայնության կոմբինեզոններ, պաշտպանիչ սաղավարտներ, քողարկման համար նախատեսված կոստյումներ, վահաններ, այլ պաշտպանիչ միջոցներ եւ աքսեսուարներ, որոնք ապահովում են լայն սպեկտրի խնդիրների կատարում, այդ թվում նաեւ բարձր տեխնոլոգիական եւ օպտիկական բնույթի խնդիրների իրականացում։ 

Ներկայացվելու են նաեւ ջերմատես սարքեր, կոլիմատորներ, «Օրիոն- Է» «Օրլան» շարքի Орлан-10Е Орлан-30, ինչպես նաեւ Скат S-350, КУБ-Э անօդաչու թռչող սարքեր, որոնք մշակվել եւ արտադրվում են ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից, ունեն երկարատեւ թռիչքներ կատարելու հնարավորություն, նախատեսված են հետախուզական եւ հարվածային գործողություններ իրականացնելու համար։ 

Ներկայացված են լինելու նաեւ ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ, օդային տարածքի վերահսկման միջոցներ, ռադիոմոնիթորինգային եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, սահմանային պաշտպանության եւ վերահսկողության ժամանակակից միջոցներ, քաղաքային եւ համայնքային ենթակառուցվածքների թվայնացման եւ կառավարման համակարգեր եւ բարձր տեխնոլոգիական լուծումներ, կիբերանվտանգության համակարգեր։ 
Պարզ է, որ ներկաները ոչ միայն պարզապես դիտելու են, թե ինչ զենք, զինամթերք եւ ժամանակակից պաշտպանական համակարգեր են ստեղծել Ռուսաստանում, այլեւ հայտեր են ներկայացնելու, բանակցելու են դրանք ձեռք բերելու համար: Հետաքրքիր է` Հայաստանից որեւէ մեկը մասնակցելո՞ւ է այս ցուցահանդեսին եւ նման միջոցների մեծ կարիք ունեցող մեր երկրի իշխանություններն ուզո՞ւմ են նման միջոցներ ձեռք բերել, բանակցո՞ւմ են այդ ուղղությամբ, հասկանո՞ւմ են նման միջոցներ ունենալու կարեւորությունը: Եթե իրական են պատերազմի վտանգները եւ մեր հարեւաններն իրոք` պատերազմի սպառնալիքը պահում են մեր գլխավերեւում, ապա այս ցուցահանդեսին պետք է մեկնեին Սուրեն Պապիկյանը, Արմեն Աբազյանը, Արմեն Գրիգորյանը եւ ԶՈՒ ԳՇ պետը:

Հակառակ դեպքում` պատերազմի սպառնալիքի ազդեցության տակ հող տալով եւ ստորացուցիչ խաղաղության պայմանագիր կնքելով մենք երբեք խաղաղության չենք հասնի: