Զգույշ եղեք` կեղծ ՍՄՍ-ներ են գնում հեռախոսներին

Զգույշ եղեք` կեղծ ՍՄՍ-ներ են գնում հեռախոսներին

Տևական ժամանակ է մարդիկ դժգոհում են, որ «Հայփոստ»-ի անունից, տարբեր կասկածելի հասցեներից կասկածելի նամակներ են ստանում` ինչ-որ տարօրինակ լինքեր, թե իբրև իրենց անունով ուղեբեռ է ստացվել` անցեք հետևյալ հղումով և այլն: Մեդիափորձագետները զգուշացնում են, որ սա ծուղակ է, հեռախոս մուտք գործելու, բանկային հաշիվներ յուրացնելու, գաղտնալսման ծրագրեր ներբեռնելու համար: 

Ներքին գործերի նախարարության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ հաղորդագրություններ են սրանք, ինչ նպատակով են կիբերհանցագործները դրանք ուղարկում մարդկանց և, ի վերջո, իրենք զբաղվո՞ւմ են դրանցով եւ ի՞նչ է պարզվել արդյունքում, ովքե՞ր են կանգնած այս հանցագործությունների ետևում: 

Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ոստիկանությունը, ինչպես նաև մեդիափորձագետները նշել են, որ զեղծարարների կողմից ուղարկված հաղորդագրություններ են դրանք, իսկ նպատակը` քաղաքացիներից գումարներ հափշտակելն է: Մարդիկ պետք է պարզապես անտեսեն այդ հաղորդագրություններն ու հղումները»- ասաց նա: 

Իսկ ինչո՞ւ կանխարգելիչ քայլեր չեք անում, մարդկանց չեք իրազեկում. «Այս պարագայում Ներքին գործերի նախարարությունը կանխարգելիչ քայլեր ձեռնարկում է: Եթե ուշադրություն դարձնեք` բազմաթիվ տեսանյութեր ունենք պատրաստած` քաղաքացիներին իրազեկելու համար: Պետք է ուղղակի բլոկավորել նրանց ու անտեսել»- խորհուրդ է տալիս Մկրտչյանը: 
Չե՞ք փորձել պարզել, թե որտեղի՞ց են այդ հաղորդագրությունները գալիս. «Տարբեր երկրներից, մի տեղից չի կատարվում: Պարզելու համար, թե տվյալ զանգը որտեղից են ստացել, նախ քաղաքացին ինքը պետք է բողոք գրի: Ոստիկանությունը զբաղվում է դրանք բացահայտելով: Մենք մեդիադաշտում անում ենք կանխարգելիչ քայլեր»: 

Կա՞ վիճակագրություն` քանի՞ քաղաքացի է տուժել նման կիբերհանցագործություններից. «Որոշակի թվեր չեմ կարող հիմա նշել, սակայն կարող եմ ասել, որ վերջին երկու ամսվա ընթացքում չեն եղել զոհեր: Առհասարակ նման խարդախություններից տուժողներ եղել են: Վերջին երկու ամսվա ընթացքում հաղորդումներ չենք ստացել»: