Ես ղումարբազությունը պրոպագանդելն եմ ուզում ոչ թե արգելեմ, այլ նվազեցնեմ

Ես ղումարբազությունը պրոպագանդելն եմ ուզում ոչ թե արգելեմ, այլ նվազեցնեմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «չարաբաստիկ» նախագիծն անցյալ շաբաթ կառավարությունն էլ ավելի խստացրեց։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների, շահումով խաղերի գովազդի սահմանափակման նախագծի մասին է, որն էապես ազդելու է ԶԼՄ-ների ֆինանսավորման վրա։ Նիկոլ Փաշինյանի աներորդու այս նախաձեռնությունը, որը դեռ նախորդ գումարման խորհրդարանից է գալիս, մեծ աղմուկ բարձրացրեց ԶԼՄ-ների շրջանում։

Հակոբյանն ուզում է, որ մոլախաղերի, իր խոսքով ասած՝ «ղումարբազության» պրոպագանդան հնարավորինս արգելվի կամ նվազեցվի, բայց չի մտածել դրա տնտեսական հետեւանքների մասին։ Փետրվարին Հակոբյանն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում ունեցավ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին հեռուստատեսության, ռադիոյի եւ էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, լսեց նրանց հակափաստարկները, որ ԶԼՄ-ների գովազդի, հետեւաբար՝ եկամտի աղբյուրի զգալի մասը գոյանում է հենց տոտալիզատորների տեղադրած գովազդից, եւ խոստացավ զիջումների գնալ՝ ոչ թե ամբողջությամբ արգելել գովազդը, այլ սահմանափակել ժամային եւ չափերի առումով։ Հակոբյանը, իր ասելով, կատարել է իր խոստումն ու նախագիծը կառավարություն է ուղարկել ԶԼՄ-ների համար քիչ թե շատ ընդունելի տարբերակով՝ հեռուստաեթերում վիճակախաղերի գովազդը թույլատրել երեկոյան ժամը 21։00-ից մինչեւ առավոտյան 6-ն ընկած հատվածում, ռադիոյով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ լրատվական կայքերում էլ սահմանափակել գովազդի բանների չափը՝ կայքէջի 20%-ից ոչ ավելին։

Կառավարությունը, սակայն, ի դեմս ֆինանսների նախարարության, ընդունելի համարելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այս նախագիծը, որոշել է «պապից ավելի կաթոլիկ» լինել՝ խստացնելով առաջարկի հեղինակի սահմանափակումները։ Մասնավորապես, ֆիննախն առաջարկում է, ի տարբերություն Հակոբյանի ներկայացրած կարգավորումների, ամենախիստ սահմանափակումները կիրառել․ թե՛ ռադիոյով, թե՛ հեռուստատեսությամբ թույլատրել շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը միայն գիշերը 24։00-ից մինչեւ առավոտյան 6-ը եւ նույն պահանջը կիրառել նաեւ կայքերի դեպքում։ «Էս էն եզակի դեպքերից ա, որ կառավարության մոտեցումն ավելի խիստ ա, քան հեղինակինը, հիմա իմը մի քիչ ավելի ձեռնտու էր, քիչ էր, այսպես ասած, վնասում լրատվամիջոցներին, կառավարությունն ավելի խիստ ա մոտեցել»,-մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը՝ խոստովանելով, որ իր ներկայացրած նախագիծը վնասում է լրատվամիջոցներին։ Այսինքն՝ կառավարությունը որոշել է ավելի՞ շատ վնասել ԶԼՄ-ներին, Հակոբյանն ասաց․ «Չգիտեմ, ես էլ չեմ համարում, որ էդքան շատ մեծ վնաս ա դա տալիս, բայց ես լրատվամիջոցների հետ հանդիպման արդյունքում գնացել եմ էդ փոխզիջումներին, որ շատ վնաս չկրեն»։

- Տեղեկություն կա, որ բուքմեյքերական ընկերություններն իրենք են շահագրգռված, որ Դուք նման նախաձեռնությամբ հանդես գաք, քանզի կազատվեն գովազդ տեղադրելու մրցակցային «պարտադրանքից»։

- Չկա նման բան, էս լրիվ իմ նախաձեռնությունն ա, մինչեւ ընտրվելը անգամ ես մտածում էի, որ էս գովազդի դեմը պետք ա առնվի, եւ ամբողջությամբ իմ նախաձեռնությունն ա եղել։

- Դե, գովազդի դեմն առնելով՝ նաեւ լրատվամիջոցների ֆինանսավորման «դեմն եք առնում»։

- Ես չեմ կիսում էդ մոտեցումը, որովհետեւ ստացվում է մոտավորապես, որ եթե մի օր բուքմեյքերները չլինեն Հայաստանում, լրատվամիջոցները կփակվեն լրիվ, ու մենք լրատվադաշտ չենք ունենա։ Եթե ղումարբազությունը քարոզող գովազդ չլինի էդ կայքերում, լրատվամիջոցներ չե՞նք ունենա։

- Այդ դեպքում արգելեք առհասարակ ղումարբազությունը Հայաստանում։

- Էդ էլ ա լրատվամիջոցների դեմ լինելու, որովհետեւ, եթե արգելենք ղումարբազությունը Հայաստանում, իրանք չեն կարա գովազդ դնեն լրատվամիջոցներում, եւ կլինի, որ էդ օրինագիծն ուղղված է լրատվամիջոցների դեմ։ Բայց ես չեմ ուզում ղումարբազությունն արգելել, որովհետեւ երկու հոգի իրանց մուտքում, ամեն դեպքում, ղումար կխաղան, եւ դա կգնա սեւ շուկա, ասենք։ Հետո, իմ օրինագիծը ղումարբազությունն արգելելուն չէ միտված, ես ղումարբազությունը պրոպագանդելն եմ ուզում ոչ թե արգելեմ, այլ նվազեցնեմ։ Այսինքն՝ իմ օրինագիծն անգամ ղումարբազության գովազդն արգելելը չէ, այլ դրա պրոպագանդան, գովազդը սահմանափակելն ա, պակասացնելն ա։

- Հիմա, եթե կառավարության առաջարկներն ուղարկվեն խորհրդարան, անձամբ Ձեր եւ ձեր խմբակցության դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, կընդունե՞ք կառավարության առաջարկած խստացումները։

- Ես չգիտեմ, պետք ա դեռ քննարկման փուլ մտնի, կարծում եմ՝ կարող ա էլի աշխատանքային հանդիպումներ ունենանք, էնպես որ, դեռ չգիտեմ՝ խմբակցության որոշումն ինչպիսին կլինի։ Ես հակված եմ էն տարբերակին, որը որ ես եմ առաջարկել, ուղղակի ժամային միգուցե մինուս-պլյուս, մի ժամ էս կողմ-էն կողմով։ Բայց ես հակված չեմ կառավարության էդ շատ խիստ մոտեցմանը։