Գերագույն խորհուրդը կապ չունի փողոցային պայքարի հետ

Գերագույն խորհուրդը կապ չունի փողոցային պայքարի հետ

Ինչպես հայտնի է` Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Հայաստանն ու Արցախը փրկելու համար նոր շարժում է նախաձեռնել, որը կոչվում է «Անկախություն»։ Այն պետք է մեկնարկի 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։ «Ամենաուշը Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի Հայաստանի վարչապետ»,- ասել էր Էդգար Ղազարյանը եւ դիմել առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք և ընդունել են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որի դրույթներից Հայաստանը շեղվել է։ 

Ղազարյանի նախաձեռնությամբ երեկ հավաք է տեղի ունեցել՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու եւ ԳԽ պատգամավորներին պարզաբանումներ տալու համար։ Որպեսզի օգոստոսի 23-ի հավաքին ներկա գտնվեն բոլոր ԳԽ պատգամավորները և քննարկեն Հայաստանի ու Արցախի ճակատագիրը, «Գերագուն Խորհուրդ-պատգամավորական» հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են նախապես լսել Էդգար Ղազարյանին: Մենք երեկ տեղեկացրել էինք, որ հավաքին մոտ 20 պատգամավոր է մասնակցել, նախ լսել են նախաձեռնողին, նրան հարցեր ուղղել, ապա իրենք են ելույթ ունեցել՝ ողջունելով նախաձեռնությունը, խոստանալով մասնակցել եւ կոչ են արել բոլոր ԳԽ պատգամավորներին՝ նույնպես ներկա գտնվել։

ԳԽ առաջին գումարման պատգամավոր Սեյրան Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումն անցել է բավականին ջերմ մթնոլորտում: Նրա խոսքով հանդիպմանը ներկա են եղել ԳԽ առաջին գումարման պատգամավորներից մոտ 30 հոգի: «Քննարկեցինք Էդգար Ղազարյանի առաջարկությունը: Խնդիրն այն է, որ օգոստոսի 23-ին պետք է հրավիրվի խորհրդանշական նիստ»,- նշեց նա: Մեր այն հարցին, թե շարժումը կտա՞ արդյունք` Ձեր կարծիքով, Սեյրան Ավագյանը նշեց.

«Երեկվա քննարկման ընթացքն այնքան էլ կարևոր չէ, սակայն որոշումն այն է, որ Գերագույն խորհրդի նախագահությունը պետք է նիստ հրավիրի: Ինչ վերաբերում է պայքարին, ես կանխագուշակումներ անել չեմ կարող: Ինչո՞ւ եք ԳԽ նիստը կապում պայքարի հետ: Փողոցային պայքարը կապ չունի մեզ հետ: Գուցե Էդգար Ղազարյանը ներգրավված է երկու կամ տասներկու գործի մեջ, սակայն մեր խնդիրն այլ է: Գերագույն խորհուրդը կապ չունի փողոցային պայքարի հետ», - իր խոսքը եզրափակեց Սեյրան Ավագյանը: