The show musn't go on

The show musn't go on

2020 թվականի հունվարի առաջին կեսին ժողովրդավարության հրացոլք կատարվեց հայկական երկնակամարում. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երկու անգամ որպես վկա ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտե: Սակայն քննչականում հարցաքննվել է որպես տուժող: Դա հայաստանյան հասարակությանը ներկայացվեց որպես ժողովրդավարության ամենաիսկական դրսևորում: Հրապարակվեց, որ հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե: Խոսքը Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների առումով հարուցված քրեական գործի մասին է: Շոուն վաղուց է ավարտվել, և շուտով կլրանա այդ «պատմական» իրադարձության երեք տարին, սակայն նույն այդ հասարակությունը դեռևս տեղյակ չէ, թե ովքեր և ինչպես են կազմակերպել այդ գաղտնալսումները: Սակայն, ինչպես ասվում է ռուսական անեկդոտում՝ «Поручик! А Вы детей любите? Нет. Но сам процесс...»:

Պարզվում է, սակայն, որ «մեծարգո» Փաշինյանը հարցաքննվել է նաև երրորդ անգամ, և դա տեղի է ունեցել վերջերս: Երրորդ անգամ նրա հարցաքնվելը պահվել է գաղտնի, և դրա մասին մեզ տեղեկացրեց ամերիկյան հարկատուների հաշվին գոյատևող հայաստանյան լրատվական կայքը: Բայց ինչպես և սպասվում էր, այս անգամ տեղեկատվական շոու չէր բեմադրվել, քանի որ, նախ, Փաշինյանը վաղուց է հրաժեշտ տվել ժողովրդավարության թեմայով հասարակության հետ սիլի-բիլի անելուն: Երկրորդ, այս անգամ ևս նա հրավիրվել էր որպես վկա, սակայն իրական ժողովրդավարության պայմաններում Քննչական կոմիտեից ինքը դուրս կգար առնվազն քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրություն տալու պայմանով: Փաշինյանը հարցաքննվել է զոհված զինվորների հարազատների պահանջի հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում: Վերջիններս ապրիլից անընդհատ բողոքի ակցիաներ էին անում կառավարության և գլխավոր դատախազության շենքերի առջև։ Պահանջում էին հարցաքննել Փաշինյանին և նրան որպես մեղադրյալ ներգրավել այդ քրեական վարույթի շրջանակում: Կարծում եմ, որ զոհվածների հարազատների պահանջն, ի վերջո, կյանքի կկոչվի իշխանափոխությունից անմիջապես հետո: Որովհետև ոչինչ չի մնում անհետևանք այս աշխարհում: