Պարոն Ալիև, իմ հողի վրա քո զորքի համար գերեզման մի փորիր․ սյունեցի երիտասարդները վշտացած են

Պարոն Ալիև, իմ հողի վրա քո զորքի համար գերեզման մի փորիր․ սյունեցի երիտասարդները վշտացած են

Ապրիլի 30-ից ադրբեջանցիները Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հենց դիմաց աշխատանքներ են սկսել, ըստ գյուղացիների՝ «փոս են փորում՝ պոստ դնեն»:Նշենք, որ ինչպես Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էր ավելի վաղ ընդգծել, այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:

Խնածախի երիտասարդների խոսքերով, իրենք չափազանց անհանգստացած են, վշտացած եւ ժամանակ առ ժամանակ հավաքվում են գյուղամեջ՝ խորհրդակցում, թե ինչ մեթոդներով կարելի է թշնամու դեմն առնել: «Չեք պատկերացնում, թե ինչ մոտ են մեզ՝ 100մետր: Ուզած ժամանակ իրենց բռի մեջ ենք, դե մեր կառավարությունն  էլ, ինչպես միշտ, կամ անտեղյակ է, կամ պետքները չէ․․»,- մեզ հետ զրույցում սրտնեղած ասած գյուղի երիտասարդներից մեկը՝ հավելելով, որ ձեռքները ծալած չեն նստելու․ «Մի պոստ էլ մենք կդնենք»: Սյունեցի երիտասարդներից մեկն էլ   բաց նամակ է հղում՝ ուղղված հակառակորդ երկրի նախագահին ․

«Ողջույն պարոն Ալիև, կարծում եմ դեռ լավ եք։ Երկար չեմ մտածել ուղերձիս մասին, որովհետև Ձեր լկտիությունը փոթորկեց ներսս։ Վստահ եմ, որ խոսքերս մի օր հասնելու են Ձեզ, և այո՛, ես դեռ հարգանքով եմ խոսում Ձեր մասին։ Դեռ...

Ես Աննա Բադամյանն եմ, սովորական մարդ, բայց ամենահպարտ հայուհին, ամենախրոխտ Սյունեցին, ում հողի վրա քո պղծված աչքն է։

Հիշեցնեմ, որ ապրիլի 30-ին, քո արյունարբու տեխնիկան Խնածախից 100֊150մ հեռավորության վրա խրամատ էր փորում։

Ներիր հանդգնությանս համար, բայց իմ հողի վրա քո զորքի համար գերեզման մի փորիր։ Իմ հողի վրա քո կեղտոտ ոտքերով չփորձես մտնել։ Պարզապես անիմաստ կլինի, քանզի դրանով քո մահն ես կերտելու։ Միևնույն է, խրամատդ որպես գերեզման է ծառայելու քո իսկ զորքի համար, և ոչ ավելին։ Սա Սյունիքն է պարոն Ալիև, այստեղ պարտվել չգիտեն, հանձնվել չգիտեն, այստեղ հողը չեն փորում խրամատի համար, հողը փորում են ու ծառ են տնկում, այստեղ գետերը կարմիր չեն, ինչպես քո երկրում է, երկինքն էլ պատերազմ չի անդրադարձնում։
Զգոն եղիր պարոն, դու Զանգեզուրում ես, և ոչ քո հողի վրա։ 
Ու դողա պարոն, քո դիմաց Հայ Զինվորն ու Հայուհին են կանգնած»։