Փողը տվել են ձեռքը, կանգնել են գլխին, ասել են՝ ջարդի Ազգալդյանի արձանը․ Ազգալդյանի կին 

Փողը տվել են ձեռքը, կանգնել են գլխին, ասել են՝ ջարդի Ազգալդյանի արձանը․ Ազգալդյանի կին 

Երեկ մենք հրապարակում ունինք՝ Լեոնիդ Ազգալդյանի արձանը պղծող անձի վերաբերյալ, ով եկել էր խմբագրություն եւ խնդրում էր հոդված գրենք, որ իրավապահներն իրեն խոշտանգել են, դատաբժշկի ուղեգիր չեն տվել եւ գործ չեն հարուցում իրեն ծեծող իրավապահների նկատմամբ։ Նա իր խոսքում հայտարարում էր, որ Լեոնիդ Ազգալդյանի արձանը միտումնավոր է վնասել, որովհետեւ նա ազգի դավաճան է, նա է մեղավոր, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 զոհ ունեցանք և այլն։

Լեոնիդ Ազգալդյանի կինը՝ Ժաննա Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նման քայլի միայնակ չեն գնում՝ այս ամենի հետևում կան կանգնած մի խումբ մարդիկ․ «Դժվար թե մի անձ որոշեր ու նման բան աներ, էսքան ժամանակ էդպիսի բան եղե՞լ է, չի՛ եղել, միշտ էլ հետևում մարդ կա կանգնած»։

«Ըստ Ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի ետևում» հարցին ի պատասխան Գալստյանը նշեց․

«Սա առաջին դեպքը չէ, գրաֆիտիով նկարած նկարն էլ էին ապականել։ Արցախի հերոսի կոչում ե՞րբ տվեցին՝ 2 տարի առաջ, ինչո՞ւ չէին տալիս, քանի տարի է՝ պայքարում էինք, սրա հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած։ Դե թող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը տային, ինչու՞ չէին տալիս։ «Արցախը Հայաստան է և վերջը» որոշ մարդիկ չեն մարսում, ժողովուրդը համաձայն է, իսկ կան անհատներ, ովքեր համաձայն չեն ու նման քայլերի են դրդում։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ ցանկանում էինք Լեոնիդի անունով փողոց լիներ, Լենինգրադյան փողոցը վերափոխվեր, մի պայքար գնաց դրա համար, չէին ուզում, որոշակի թշնամանք կա, որոշակի խավի կողմից, դա ծախու խավն է»։

-Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյա՞նն են կանգած այս ամենի հետևում։ Ինչու՞։

-Դե, որ իրենք չեն տվել հերոսի կոչում, էդպես պետք է մտածեմ, դե թող տային, ինչի՞ չէին տվել, ընդամենը 2 տարի է ինչ տվել են, 30 տարի է չէին տալիս, ում ասես տվեցին, ինչ հանցագործ ասես ստացավ էդ կոչումը Լեոնիդին չտվեցին, սա բացատրություն ունի, չէ՞։

-Արձանը պղծող անձնավորության քայլը ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Տվյալ անձնավորությանը փողը տվել են ձեռքը, կանգնել են գլխին՝ ասել են ջարդի։ Ապուշի մեկն է, նա ի՞նչ գիտի Լեոնիդն ով է, մեծ փող են տվել ձեռքը, նա էլ ջարդել է, ի՞նչ է մի քիթ ջարդելը, այդպիսի մարդիկ կան, նրանց մեղադրել չի լինի։