Ռասսայական հիմքով ծիսական սպանությունները չեն կարող որակվել քաղաքական 

Ռասսայական հիմքով ծիսական սպանությունները չեն կարող որակվել քաղաքական 

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում էր հայտարարված։ Ժամեր անց ռուսական կողմն ադրբեջանական կողմի խնդրանքով ազատ արձակեց ադրբեջանցի ահաբեկչին: 

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն, ով ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչն է, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասաց. 

«Հանցագործի անունը հայտնի է: Զոհի ներկայացուցչի շահերը ես եմ ներկայացնում, իմ որոշ կոլեգաների հետ միասին: Միջազգային քրեական ոլորտում կան համագործակցության ձևեր, փնտրվող հանցագործների առնչությամբ կարող է հետախուզում հայտարարվել, ինչը հանգեցնում է տվյալ անձանց ձերբակալություններին: Նման կոնվենցիա գործում է ԱՊՀ շրջանակներում: Մինսկի կոնվենցիան կարգավորում է քրեական-քաղաքացիական գործերն անդամ պետությունների միջև:

Կարծում եմ` այս կոնվենցիայի շրջանակներում է անձը ձերբակալվել: Հաջորդող գործընթացներ ևս առկա պետք է լինեին, մասնավորապես ժամանակավոր կալանավորման հարցում պետք է պետությունն ուղարկեր, ինչպես նաև հանձնման խնդրանք` կից փաստաթղթերով` 30-օրյա ժամկետով: Համապատասխան փաստաթղթեր ուղարկելուց հետո պայմանները դիտարկվում են և որոշում է կայացվում: Պրակտիկայում եզակի են այն դեպքերը, երբ սեղմ ժամկետներում որոշումներ են կայացվում: Դրանք կարող են խոսել հանձնման հանգամանքի գոյության մասին, ինչը դժվար է այս գործերի փաստերը նայելով պատկերացնելը: Չեմ բացառում, որ որոշ երկրներ այս պրոցեսները կարող են որակել որպես քաղաքական պրոցեսներ` կոնֆլիկտի հետ կապված, սակայն այս միջադեպն ունի առանձնահատկություն, այն ոչ թե զինված ընդհարման շրջանակներում առնչվում է քաղաքացիական անձանց հրետակոծելու մահվան դեպքերին, այլ խոսքը գնում է գլխատման մասին:

Տարեց անձը չի եղել զինված և հայտնվել է զինծառայողի ֆիզիկական կոնտրոլի ներքո, ավելին`գլխատման մանրամասները բացահայտում են ատելության հիմքով հանցագործություն, իսկ ռասսայական հիմքով կատարված ծիսական սպանությունները չեն կարող որակվել քաղաքական բնույթի գործեր: Կարող ենք ենթադրել, որ եթե չեն սպասել առավելագույն ժամկետում խնդրագրերի ներկայացմանն, ապա ի սկզբանե հայտնաբերել են բացառող հանգամանք` քաղաքական կոնֆլիկտով պայմանավորված: Ինչևիցե, այս հարցերի համար պետք է պարզաբանումներ ներկայացնեն պաշտոնատար աղբյուրները: Շատ կարևոր է իրապես հասկանալ, թե ինչն է հիմք ծառայել, որ ռուսական կողմն ազատ է արձակել Ադրբեջանի քաղաքացուն: Կարող էին այլ ելքեր լինել, կարող էին հրաժարվել Հայաստանին հանձնել, բայց գործը քննել Ռուսաստանի Դաշնությունում: Որոշ հանցագործությունների պարագայում խնդրագրի մերժումը կարող է արդարացված լինել, բայց դրանք առաջացնում են որոշակի պարտականություններ` տվյալ պետության համար, քննել գործերը և փոխօգնության շրջանակներում քրեական գործերի նյութերը կարող են փոխանցվել մեկ այլ երկրին», - նշեց նա: