Չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, շարունակում են արկածախնդրությունը

Չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, շարունակում են արկածախնդրությունը

«Հայաստանի օրվա իշխանությունները գործնականում ցանկանում են փոխել արտաքին քաղաքականության վեկտորը: Սա արդեն ավելի քան երբևէ բացահատ է: Ստացվում է, որ օրվա իշխանությունները հրաժարվում են Ռուսաստանի հետ ունենալ դաշնակցային հարաբերություններ, հույս փայփայելով, որ դա կարող է փոխհատուցվել Արևմուտքի կողմից, մոռանալով, որ տարածաշրջանում Արևմուտքի նախասիրությունները սերտ կապված են Թուրքիայի հետ և հենց Թուրքիան է, որ տարածաշրջանում ներկայացնելու է Արևմուտքի մտահղացումները: Արևմուտքի գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանին ինչ-որ հարցում օգնելն է, այլ Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է» - նշում է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կա մի շրջանակ, որին թվում է, եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, սակայն այդ շրջանակները սխալվում են:

«Եթե մենք ունենք նման հնարավորություն, որ կարող են ռուս խաղաղապահներին փոխարինել ոչ թե թուրքական բանակով, այլ ասենք մեկ այլ պետության բանակով, որն անհամեմատ ավելի բարյացակամ է մեր նկատմամբ, շատ բարի, կարող ենք և այդպես անել, սակայն այս պահի դրությամբ ընտրությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է, ինչն էլ իր հերթին շատ հարցերի պատասխաններ է տալիս: Մենք չենք կարողանում ապահովել մեր երկրի անվտանգության համակարգը, փոխարենը շարունակում ենք ավանտյուրայի հասնող արկածախնդրությունը», - իր խոսքը եզրափակեց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Պաշտոնական Մոսկվան օրերս կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունից ու նոտայից հետո, որով իրենց վրդովմունքն էին հայտնել «Սուրմալուի» պայթյունն իրենց հետ կապելու որոշ սորոսական շրջանակների վարքագծի հետ կապված, երեկ էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը, սակայն Հայաստանի գործող իշխանությունները ձկան պես լուռ են, դեռևս չկա որևէ արձագանք: