Այսօր և վաղը

Այսօր և վաղը

«Հեղափոխություն»  հասկացության սահմանումն իր գործնական-կիրառական իմաստով մեզ ծանոթ է նախորդ դարում իրականանալու փորձ արած հայտնի գաղափարախոսությունից` մարքսիզմ-լենինիզմից:

Այդտեղ ասվում էր, որ հեղափոխությունը մի կամ մի քանի դասակարգերի իշխանության հաստատումն է մյուսի  (մյուսների) նկատմամբ: Ընդունվում էր, որ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխության (իրականում` պետական հեղաշրջման) արդյունքում հաղթել է բանվորագյուղացիությունը, բայց իրականում հաղթել էր բոլշեւիկյան կուսակցությունը, իսկ ավելի ստույգ` նրա վերնախավը:

Սա էքսկուրս էր դեպի անցյալի խորքերը՝ համեմատելու համար, թե մենք ինչ պիտի հասկանանք մեր թավշյա հեղափոխություն կոչվածի ձեւակերպման մեջ: Այստեղ դասակարգային հաղթանակ չկա, փոխվել է իշխող վերնախավը, որը երկրի լայն խավերի շահերն է ներկայացնում, ի տարբերություն նախորդ վերնախավի, որ հասարակությունից կտրվել, կծկվել էր իր էգոիստական շահերի ոլորտում եւ մեն մի նպատակ ուներ՝ պահել աթոռը, պահել կուտակած հարստությունը: Եվ թավշյա հեղափոխությունը հեղափոխություն է այնքանով, որ հասարակության մեծամասնության շահերն է ներկայացնում` ըստ ներկայիս տեսանելի գործերի, որոնց արդյունքները հույս ունենք տեսնել մոտ ապագայում: Այդ պատճառով էլ այն (թավշյա հեղափոխությունը) պարզապես իշխանափոխություն չէ: 

Այն կատարված փաստ է, եւ ինչպես պատմության մեջ ամեն մի հեղափոխությունից հետո ամենակարեւոր հարցը դառնում է կայունության գործոնը, այսինքն՝ թե այդ հեղափոխությունն ինչ շարժիչ ուժերի վրա է հիմնված եւ ինչ տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել: Կամ` որո՞նք են այն երաշխիքները, որ այդ հեղափոխությունը կայուն կպահեն իր հռչակած նպատակների մեջ:
Մեր թավշյա հեղափոխության մեջ մեծ դեր է խաղացել, լենինյան վուլգար եզրաբանությամբ ասած` զանգվածների դժգոհությունը: Այդ դժգոհության պատճառները (վատ կենսամակարդակ եւ այլն) դեռեւս կան, ավելին` դրանք կարող են ավելի խորանալ ներքին եւ արտաքին որոշ աննպաստ հանգամանքների բերմամբ: Բայց դա հեղափոխության ձախողման պատճառ չի կարող դառնալ, քանի որ կա ապագայի տեսլականը` այն, որ իշխանությունը մեր (լայն «զանգվածների») իշխանությունն է, որի գործերին ու քայլերին հավատում ենք: Իսկ հավատի առկայության դեպքում սոցիալական պայթյունավտանգ դժգոհություն չի կարող առաջանալ, քանի որ, օրինակ, մենք այդ կարգի հավատ ունեինք նաեւ 90-ականների սկզբներին, եւ օրական 200 գրամ հացի, էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով ապստամբություններ չբարձրացան: Այսինքն՝ կայունության գործում մեծ է իշխանությունների հանդեպ հավատի դերը, հավատը գլխավոր երաշխիքն է: Ինչո՞վ է իր հերթին երաշխավորված հենց ինքը` նշված երաշխիքը:

Ըստ իս՝ նրանով, որ հեղափոխությունը նախ տեղի է ունեցել հասարակության հոգեբանության մեջ: Հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը եղել է երիտասարդությունը, որն այլեւս բոլշեւիկյան «վարժությունների» ենթարկված «զանգվածը» չէ, այլ դեմոկրատական, առաջադեմ աշխարհի արժեքներով ապրող մարդկանց մի թիվ, որ գնալով ստվարանալու է (հասկանալի է` տարեցներս` «բոլշեւիկյաններս», պիտի գնանք, իրենք ավելի ու ավելի շատ պիտի գան):

Սա է թավշյա հեղափոխության հաղթանակի գլխավոր երաշխիքը, որին ոչ մի ուժ` թե՛ ներսից եւ թե՛ դրսից, այլեւս անկարող է ճնշել կամ խեղաթյուրել: Այսինքն՝ թավշյա հեղափոխության հաղթանակը` այս իմաստով, անդառնալի է:
Միակ վտանգը կարող է լինել ինստիտուցիոնալ, այսինքն՝ հեղափոխության առաջնորդող վերնախավի ներսում ֆրակցիոնիզմի հայտնվելու, անձնական-անհատական ամբիցիաների եւ բարոյակերպարային այլասերումների սպառնալիքը: Աստված մի արասցե, սա հնարավոր է, բայց հեղափոխական գլխավոր ուժը` «ստորին բանակը», դա թույլ չի տա, այսինքն՝ իր հռչակած ուղուց շեղված վերնախավի իշխանությունը շատ կարճ կտեւի: Զի հասարակության վրա ներգործող ամենակարեւոր գործոնն օրինակի ուժն է, այսինքն` թե ղեկավարներն ինչ են ասում եւ իրականում ինչ են անում, կամ նրանց խոսքի եւ գործի միասնությունը: Այդպիսով, «դասակարգային բազայի» առումով թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը երաշխավորված է:

Բայց շատ կարեւոր է մի բան․ որ առաջադիմական արժեքները յուրացվեն նաեւ հասարակության բոլոր շերտերի կողմից: Ինչ ասել կուզի` այստեղ շատ կարեւոր է նաեւ մի այլ` մշակութային (կուլտուրական) հեղափոխության իրականացումը եւ նրա հաղթանակը (ոչ պակաս, քան տնտեսական հեղափոխությանը): Այդ հեղափոխությունը պիտի սկսվի հանրակրթական դպրոցներից` մանկավարժներին ամսական հազար դոլարից ոչ պակաս աշխատավարձ վճարելով եւ ընտրելով միայն լավ մանկավարժներ: Բոլոր թռիչքաձեւ զարգացած երկրներում այդպես են արել: Մեծ ուշադրություն պիտի դարձվի մշակույթին, այսինքն՝ օրինակ, թե ինչ եւ ինչպես է ցուցադրվում, տարածվում եթերում, ովքեր են օրվա «տրիբունները», ազգի մշակութային, գիտական վերնախա՞վը, թե՞ «հարցազրույց տվող» զանազան մատնահարդարները, բախտագուշակները եւ գռեհկաբան կավեենշչիկները...

Պետք է պայմաններ ստեղծվեն արվեստի եւ գրականության զարգացման համար: Արմատապես պիտի բարելավվի բուհական կրթությունը: Հասարակության վրա մեծ ազդեցություն ունի եկեղեցին, որտեղ նույնպես լուրջ բարեփոխումների կարիք կա:

Հեղինակ՝ Զավեն Բեկյան