Տերյանների դերը Գևորգ Էմինի կյանքում

Տերյանների դերը Գևորգ Էմինի կյանքում

Գեւորգ Էմինի ամուսնությունը Նվարդ Տերյանի հետ բանաստեղծի համար դարձավ տրամպլին՝  պարգեւելով նրան սեր, բարեկեցություն, պոետիկական ներշնչանք, հռչակ, Ստալինյան մրցանակ: Նույնիսկ փրկեց Էմինի կյանքը՝ զերծ պահելով ռազմաճակատում զոհվելու վտանգից:

ՆՎԱՐԴ ԵՎ ԱՆԱՀԻՏ  ՏԵՐՅԱՆՆԵՐԸ

Մայրս՝ Նվարդ Տերյանը, Վահան Տերյանի դուստրն է, նրա միակ երեխան: Նա ծնվել եւ մեծացել է Մոսկվայում: Նրա մոր՝ Անահիտ Տերյանի տանը հյուրընկալվում էին գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, եւ կազմակերպվում էին գրական-երաժշտական երեկոներ: Անահիտն ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան եւ իր դաշնամուրային նվագով ծաղկեցնում էր այդ հավաքները: Իսկ Նվարդն ավարտել էր Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը, որն այն տարիներին ԽՍՀՄ գլխավոր իրավաբանական բուհն էր: 

Երբ Հիտլերի զորքերը մոտեցել են Մոսկվային, այդ բուհն էվակուացվել է Ալմա Աթա, որտեղ էլ 1942-ին մայրս ավարտել է այն, բայց Մոսկվա չի վերադարձել: Մոր խորհրդով եկել է Երեւան: Այստեղ նշանակվել է Իրավաբանական դպրոցի տնօրեն: Նաեւ դիմել է Պետհրատ՝ պահանջելով վերականգնել  հոր՝ Վահան Տերյանի ստեղծագործությունների հանդեպ ունեցած իր հեղինակային իրավունքը: Բանն այն է, որ Պողոս Մակինցյանը թաքցրել էր այն փաստը, որ Տերյանն ունի ժառանգ: Եվ նրա հրատարակած Տերյանի քառահատորյակի հոնորարը հայտնի չէ, թե ով է ստացել: 

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ՍԻՐՈ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ՝ ՆՎԱՐԴ ԵՎ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆԵՐԻՆ

Հենց Պետհրատում էլ Նվարդին տեսել է հորաքույրս՝ Հեղինե Մուրադյանը, ծանոթացել եւ հյուր է կանչել: Նրա տանն էլ ծանոթացել են մայրս եւ հայրս՝ այն ժամանակ ինժեներ եւ սկսնակ բանաստեղծ Կառլեն Մուրադյանը, որի գրական ծածկանունը՝ Գեւորգ Էմին, հետագայում դարձավ նրա անուն-ազգանունը: Հորաքույրս պատմում էր, որ շուտով նկատել է, որ Նվարդն ու Գեւորգը կլանված զրույցի են բռնվել… Այդպես է ծագել նրանց սերը, որի մասին «Նվարդին» բանաստեղծության մեջ Էմինն այսպես է արտահայտվել. «Թո՛ղ, Տերյա՛ն Նվարդ, ու հավատա՛, Բարձր է գրքերից համբույրը քո, Դու մոռացե՞լ ես, թե ով ասաց - Ափսոս չէ՞, Մարգո՛, այս երեկոն»: Իսկ «Վահան Տերյանին» բանաստեղծության մեջ դիմելով աներոջը՝  իր երախտագիտությունն այսպես է արտահայտել․ «Ի՜նչ իմանայի ես այն ժամանակ, Որ սերն ինձ մի օր ձեր տո՛ւն կտաներ, Եվ դու սիրե՜րգը քո ամենալավ, Գեւորգ Էմինիս համար ես պահել»:

Հորաքույրս ապրում էր բարվոք բնակարանում, որովհետեւ նրա ամուսինը «կաուչուկի գործարանի» ղեկավարներից էր՝ Հայկ Շավոյանը: Իսկ հայրս, նրա եղբայր Վարդգեսը եւ նրանց ծնողները բնակվում էին Կոնդում գտնվող, հողե հատակ ունեցող մի հյուղակում, որտեղ ձմռանը դույլի մեջ գտնվող ջուրն առավոտյան սառչում էր: Ահա, այսպիսի տուն է հարս գնացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններում ծնված-մեծացած Վահան Տերյանի անձնվեր դուստրը, որն այնքան հայկական ավանդական հարս է դարձել, որ, ինչպես ինքն էր պատմում, նույնիսկ լվացել է սկեսրայրի՝ Գրիգոր պապիս ոտքերը…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՓԵՍԱՅԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԶՈՀՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ

1942-ին հորս կանչել են բանակային կարճատեւ կուրսերի, որոնց շրջանավարտներին շնորհել են լեյտենանտի կոչում եւ ուղարկել ռազմաճակատ, որն այն օրերին Սուխումի մերձակայքում էր: Հորս հաջողվում է խուսափել ռազմաճակատ գնալուց, եւ այդ հարցում նրան օգնում է Վահան Տերյանի ընկեր Ավետիք Իսահակյանը: Որպեսզի Տերյանի նորապսակ դուստրը չդառնա այրի, Վարպետն անձամբ ներկայանում է ռազմական հոսպիտալ եւ բարեխոսում նրա գլխավոր բժշկին: Վահան Տերյանի փեսային՝ շնորհալի, սկսնակ բանաստեղծ Գեւորգ Էմինին, ազատում են բանակից՝ 12-մատնյա աղիքի խոց ախտորոշմամբ:  

ՏԵՐՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԴՍՏԵՐԸ ՏՐՎԱԾ ՍԵՆՅԱԿՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Շուտով Նվարդին հաջողվում է վերականգնել հոր գրական ժառանգության հանդեպ ունեցած իր իրավունքը, եւ նա սկսում է ստանալ հոնորարներ, մասնավորապես, 1940-ին տպագրված Տերյանի «Լիակատար ժողովածու»-ինը, որի խմբագիրն Ավետիք Իսահակյանն է: Գումարների մի մասը նա տրամադրում է ամուսնու ազգականներին:  

Տերյանի դստերը տրամադրում են նաեւ սենյակ՝ Տերյան փողոցում գտնվող «զոովետ ինստիտուտի» հանրակացարանում, որտեղ նա սկսում է բնակվել ամուսնու հետ: 1943-ին այնտեղ է ծնվում իմ ավագ եղբայր Վահանը: Այդ սենյակում են ծնողներս պահում-մեծացնում որբանոցից վերցրած եւ որդեգրած Չարենցի դստերը՝ Արփենիկին, որն ամբողջ կյանքում մորս անվանում էր «մամա»:   
Մայրս չի երկյուղել եւ դիմել է ԽՍՀՄ գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատ արձակել «ժողովրդի թշնամի» հռչակված Եղիշե Չարենցի կնոջը՝ Իզաբելային: Բայց, ինչպես ինքն էր պատմում, պատասխան է ստացել, որ վերջինս աքսորավայրում ամուսնացել է եւ ունի հինգ երեխա...
1947-ին մորս հատկացնում են առանձին բնակարան՝ Ստալինի (Մաշտոցի) պողոտայում: Դա շքեղություն էր, քանի որ այն օրերին շատերն ապրում էին կոմունալ՝ հարեւաններ ունեցող բնակարաններում:   

ՆՎԱՐԴ ՏԵՐՅԱՆԸ՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ, ՀՌՉԱԿ, ՍՏԱԼԻՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԱԾ ՄՈՒՍԱՆ

Այդ տարիներին գրված բանաստեղծությունները հայրս ամփոփել է «Նորք»  եւ «Նոր ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուներում: 1949-ին գրված «Նոր ճանապարհ» գրքի համար 1951-ին նա արժանացել է Ստալինյան (Պետական) մրցանակի, իսկ «Նորքը» նրան դարձրեց հանրահայտ: Պատմեմ «Նորքի» իրական պատմությունը: 

1946-ին հրատարակված այդ գրքում ամփոփված են Էմինին հռչակ պարգեւած բազմաթիվ բանաստեղծություններ՝  «Երգ երգոց», «Երգ կռունկի մասին», «Հայ պանդուխտի երգը» եւ այլն: Նաեւ բանաստեղծություններ, որոնք  դարձան երգեր՝ «Գազել Երեւանին» (Հայկ Մանարյան), «Մահվան տեսիլ  («Նախազգացում»)» (Արթուր Մեսչյան)... Այդ գիրքը  ժամանակավրեպ էր ստալինյան ժամանակների համար, քանի որ բանաստեղծությունները գրված են տերյանական ոճով եւ չունեն պրոպագանդիստական բովանդակություն: Ավելին, բազմաթիվ են հայրենասիրական բանաստեղծությունները, մասնավորապես, «Երգ երգոցը», որոնք այն տարիներին եւ հետագայում էլ ԽՍՀՄ-ում գնահատվում էին որպես նացիոնալիստական: Չկա նույնիսկ բանաստեղծություն՝ նվիրված Ստալինին, ինչն այն ժամանակ պարտադիր էր: Եվ զարմանալի չէր, որ հայաստանյան թերթերը գրեթե միաժամանակ քննադատեցին այդ ժողովածուն: Մայրս  պատմում էր, որ վախեցած վազել եկել եւ ասել է «Ժորժիկ,- այդպես էր նա այն օրերին կոչում հորս,- քեզ բոլոր թերթերը քննադատել են»: Ինչին ի պատասխան՝ հայրս, որը շատ «դուխով», նաեւ հանդուգն մարդ էր, պատասխանել է. «Մի վախենա, դա ինձ հռչակ կբերի: Այսօրվանից ես հայտնի բանաստեղծ եմ»: Եվ իրոք, «Նորքի» բոլոր օրինակները միանգամից վաճառվել են… 

Էմինի այդ ժողովածուն նվիրված է Նվարդ Տերյանին: Երկու բանաստեղծություն՝ նույնպես: Իսկ «Տերյանի մահը» պոեմը նվիրված է Նվարդ եւ Անահիտ Տերյաններին:

ԱՆԱՀԻՏ ՏԵՐՅԱՆԻ ԴԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ

Իր բանաստեղծական վարպետությունը հայրս 1949-50 թվականներին կատարելագործել է Մոսկվայում՝ այնտեղի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում: Ուսման տարիներին ապրել է տատիկիս տանը, որտեղ, ինչպես նշեցի, Մոսկվայի գրական-գեղարվեստական էլիտայի հավաքատեղին էր: Այնտեղ էլ նա ծանոթացել է Վերա Զվյագինցեւայի, իր բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների ապագա մյուս հիանալի թարգմանիչների հետ, որոնց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է նաեւ դարձել  հանրահայտ՝ ռուսալեզու ընթերցողի համար: Այդտեղ ձեռք բերված կապերի եւ ռուսալեզուների շրջանում ստացած հանրահայտության շնորհիվ է նաեւ 1951-ին արժանացել Ստալինյան մրցանակի: Այդ ամենը նպաստել է, որ 1951-54 թվականներին նա դառնա սովետական գլխավոր գրական թերթի՝ «Литературная газета»-ի հայաստանյան թղթակիցը:  

ԱՊԱՀԱՐԶԱՆԸ

Ցավոք, Անահիտ Տերյանը 1950-ի աշնանը մահացել է, ինչից  հետո, մեկ տարի անց, ծնողներս բաժանվել են: Բանն այն է, որ թե՛ մայրս, թե՛ հայրս չափազանց վառ անհատականություններ էին, ինչի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրանց: Այդ պատճառով էլ նրանց համար դժվար էր ապրել մեկ տանիքի տակ: Դժբախտաբար, նրանց ամուսնալուծությունը կատարվել է ամենեւին ոչ խաղաղ ու արժանապատիվ, այլ՝ տգեղ ձեւով, ինչպես որ այն տարիներին հաճախ է տեղի ունեցել...   

Բարեբախտաբար, ես տարիքով փոքր էի, եւ իմ հիշողության մեջ չեն տպավորվել այդ տգեղ պատկերները: Դրանց մասին ինձ հետագայում պատմել է եղբայրս՝ Վահանը: Նաեւ՝  գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, որը ցավով էր հիշում, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է առաջին անգամ տեսել իր պաշտելի բանաստեղծ Վահան Տերյանի դստերը՝ Նվարդին: Դա եղել է Երեւանի կենտրոնում գտնվող դատարանի շենքում: Իշխանյանի պատմելով, նա այնտեղ տեսել է մի ուշաթափված կնոջ եւ նրա 2 շփոթված ու լացող փոքրահասակ որդիներին: Ներկաները բացատրել են, որ դա Վահան Տերյանի դուստրն է՝ ապահարզանի դատից հետո: Այդ դատավարության արդյունքում՝ սուտ վկայություններով վարկաբեկված կնոջը զրկել են նույնիսկ ալիմենտ ստանալու իրավունքից… Հետեւանքն այն է եղել, որ մորս մոտ առաջացել է տուբերկուլյոզ, եւ նա ստացել է հաշմանդամության կարգ...

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԸ՝ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒ

Ստալինյան մրցանակի դափնեկիր Գեւորգ Էմինը բաժանվելուց հետո սկզբից ստացավ երկու սենյակ՝ Ստալինի  (Մաշտոցի) պողոտայի «ձկան խանութի» շենքում գտնվող երեք սենյականոց կոմունալ բնակարանում, իսկ մի քանի տարի անց՝ նույնպիսի մի բնակարան Կոմպոզիտորների միության էլիտար շենքում: Շուտով երրորդ սենյակն էլ տրամադրվեց նրա ընտանիքին՝ ծնողներին եւ երկու որդիներին: Քանի որ հայրս բավականին գեղեցկադեմ, նաեւ չափազանց սրամիտ ու հմայիչ տղամարդ էր, հայտնի եւ սիրված բանաստեղծ, նա դարձավ Երեւանի, նաեւ Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից մեկը: Նրա բազմաթիվ սիրուհիների մեջ կային թե՛ հանրահայտ կանայք, թե՛ հայտնի գեղեցկուհիներ, թե՛ լավ տնային տնտեսուհիներ… Բայց նա 8 թե 9 տարի չամուսնացավ: Կարծում եմ՝ այն պատճառով, որ չէր ցանկանում ամուսնանալ ֆինանսական եւ այլ մեծ պահանջներ կամ վառ անհատականություն ունեցող կանանց հետ:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ