ՔՊ-ականների ժողովը ևս ավարտվելու է շքեղ ռեստորանում՝ ճաշկերույթով

ՔՊ-ականների ժողովը ևս ավարտվելու է շքեղ ռեստորանում՝ ճաշկերույթով

«Հրապարակ»-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունենալու իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա է գտնվելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ժողովը կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Viktoria Plaza-ում, որը երկու օրով ՔՊ-ն բրոնյա է արել։ 

Մեր տեղեկություններով այսօր արդեն Գյումրի են ժամանել  ՔՊ-ական պատգամավորներից ոմանք,մի քանի նախարարներ եւ  մարզպետներ։ Չնայած ժողովը վաղն է, ՔՊ-ականները որոշել են քաղաքային տուր իրականացնել եւ ժողովից առաջ լիցքաթափվել ։ Ավելին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այսօր երեկոյան Գյումրի քաղաքի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում ՔՊ-ականները մեծ խնջույք են կազմակերպել, որին մասնակցելու են Երևանից ժամանած հյուրերը։ Սակայն ՔՊ-ականների խնջույքն այսքանով չի ավարտվելու, տեղեկացանք, որ  ժողովի ավարտին՝ արդեն իսկ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ ընթրիք է կազմակերպվելու «Կում- կումա» շքեղ ռեստորանային համալիրում, որը հայտնի է Գյումրվա ավանդական կերակրատեսակներով։ Ի դեպ, ռեստորանը նաև մեծ նախասրահ եւ դահլիճ ունի, եւ ըստ լուրերի՝ հենց այնտեղ էլ անցկացնելու են երկօրյա ժողովը։

Ուշագրավ է, որ Գյումրիում զարգացող քաղաքական իրադարձությունների ֆոնին, իշխող ուժն իր հերթական ժողովն անցկացնում է Հանրապետության երկրորդ քաղաքում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է մարզում ֆունդամենտալ փոփոխության, այդ թվում՝ հնարավոր է ՝ մարզպետի փոփոխություն, սակայն մեր աղբյուրների հավաստմամբ,այս փուլում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին խնայելու են, եւ ՔՊ-ն Գյումրիում իր քաղաքական անհաջողությունը ոչ թե մարզպետի, այլ թիմի հետ է կապում։

Հիշեցնենք, որ օրերս Գյումրիում ՔՊ-ն միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիրը, եւ ավագանու 11 անդմով այլևս հանդես են գալիս որպես ընդդիմություն։ Սակայն, ըստ մեր աղբյուրների՝ այդ կարգավիճակը ՔՊ վերնախավում անցանկալի  է, եւ փորձելու են ամեն գնով հասնել քաղաքային իշխանության զավթմանը։