Սահմանների ճշգրտո՞ւմ, թե՞ խաղաղության պայմանագիր

Սահմանների ճշգրտո՞ւմ, թե՞ խաղաղության պայմանագիր

2018 թվականի իշխանափոխությունից հետ՝ երբ դեռևս ինձ համարում էի Նիկոլի կողմնակիցը, և ինչ-որ ժամանակ անց՝ երբ հասկացա, որ ինքն ինձ չի համարում իր կողմնակիցը, ես անընդհատ խորհուրդներ եմ տվել նրան։ Դա շարունակվել է, եթե չեմ սխալվում, մինչև 2019 թվականի վերջերը։ Այդ ընթացքում կարծում էի, թե նա զգում է կամ գոնե պետք է զգա գրագետ մարդու խորհուրդների կարիքը։ Հատկապես որ լավ կամ թեթևակի ճանաչելով նրա նեղ շրջապատի մարդկանց՝ ենթադրում էի, որ դա չէր խանգարի նրան։ Խորհուրդները տալիս էի թե՛ ֆեյսբուքի և թե՛ ընդհանուր ծանոթների միջոցով, որոնք բավական շատ էին։ Եվ չնայած ենթադրում էի, որ դրանք տեղ չեն հասնում, բայց շարունակում էի դա անելը։ Մտածում էի, որ դա անում եմ հանուն իմ երկրի, և կարևոր է ոչ թե Նիկոլի արձագանքը, այլ ընդամենը դրանք տեղ հասցնելը։

Սակայն ժամանակն անցնում էր, ու ոչինչ չէր փոխվում Նիկոլի վարքագծում: Պարզ էր, Նիկոլը պարզապես արհամարհում էր որևէ խորհուրդ՝ իրեն համարելվով ամենախելացին և ամենահասը: Չնայած իշխանափոխությունից կարճ ժամանակ անց երևաց նրա ոչ խելացի լինելը՝ երբ 2018-ի հոկտեմբերի վերջին փորձեց ընդամենը մեկ անգամ չկարգվել վարչապետ: Խոսքը պաշտոնից հրաժարական ներկայացնելու և ԱԺ-ի միջոցով կրկին առաջադրվելու գործընթացի մասին է: Ինչը, բնականաբար, խիստ աչքի զարնող երևույթ էր, սակայն ոչ Նիկոլի շրջապատի համար: Այնպես, որ իշխանափոխությունից հետո, նախկիններին ընդդիմադիր իմ շրջապատում, կարող եմ ասել, համարյա թե միակն էի, որ չէր ողջունում Նիկոլի քայլերը: Օրինակ, ՀԱՊԿ ԳՔ Յու. Խաչատուրովի հետևից ընկնելն ու դատական համակարգը ստրկացնելու փորձերը կամ հոկտեմբերի 2-ի գիշերը ԱԺ շենքը պաշարելը: Իսկ 2019-ի մայիսին արդեն կային այլ մարդիկ, որ չէին ողջունում դատարանների շրջափակումը։ Էլ չեմ խոսում այդ գործընթացին մասնակցելու մասին։ 
2019 թվականից հետո էլ եմ փորձել անվճար խորհուրդներ հղելը, բայց, որքան հասկանում էի, անարդյունք: Իսկ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո ամբողջությամբ դադադարեցրել եմ: Բայց այսօր առկա է մի խնդիր, որի առումով չեմ կարող հերթական անգամ ի բարբառո հանապատի ձայն չհանելը: Հույս ունեմ, որ իշխանությունում, այնուամենայնիվ, կգտնվի որևէ գրագետ անձնավորություն, որը նաև թերթ կարդալու սովորություն ունի՝ այն էլ ընդդիմադիր թերթ: Ի դեպ, ժամանակին Թուրքիայի նախագահների մեկը (արդեն մոռացել եմ՝ Թուրգուտ Օզալը թե Սուլեյման Դեմիրելը) հայտարարում էր, որ իրականությունը ճանաչելու նպատակով ինքը կարդում է միայն ընդդիմադիր մամուլ: Գիտենալով հանդերձ, որ Նիկոլենք թուրքերից խելացի չեն, բայց դե շփվում են, ի՞նչ իմանաս… 

Ինչևէ, խոսքը գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման և դեմարկացիա-դելիմիտացիա երևույթների մասին: Թե՛ Ադրբեջանը և թե՛ հավաքական Արևմուտքը ստիպում են ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյանին ստորագրել խաղաղության պայմանագիրը: Դրանից հետո, բնականաբար, կգա սահմանագծման և սահմանազատման հերթը: Ի տարբերություն դրանց՝ ռուսական կողմն անընդհատ խոսում է սահմանների ճշտման առաջնահերթության մասին: Նիկոլի ելույթներում ես չեմ նկատել, թե ինքը գիտակցել է տարբերությունը: Չնայած կարող է պատահել, որ ուղղակի չեմ լսել, քանի որ միշտ չէ, որ լսում եմ նրան կամ լսում եմ ամբողջությամբ: Ավելի հաճախ բավարարվում եմ մամուլում հայտնվող կտորները լսելով կամ ելույթների կարճ հատվածները կարդալով: 

Ինչևիցե, ռուսներն իզուր չեն շեշտը դնում սահմանների ճշտման վրա, քանի որ այդ խնդիրը միշտ էլ կանգնելու է Նիկոլի առաջ՝ քանի ինքը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այդ խնդիրն առավել ծանր է լինելու, քանի որ այդ թղթի կտորը դեմ տալով՝ Իլհամն անընդհատ պահանջելու է նորանոր տարածքներ: Էլ չեմ խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ու հավաքական Արևմուտքն էլ միշտ կանգնելու է նրա, որպես իր հուսալի գործընկերոջ, կողքին: Իսկ Նիկոլը, ինչքան էլ ձգտի դեպի Արևմուտք, ստիպված է լինելու խաղեր տալ Հյուսիսի և Արևմուտքի միջև: Ու, բնականաբար, Արևմուտքի համար միշտ մնալու է ոչ հուսալի գործընկեր: Հատկապես, որ Հայաստանը ո՛չ գազ ունի և ո՛չ էլ նավթ՝ պետական առումով Արևմուտքին սիրաշահելու նպատակով: Եվ ոչ էլ բավարար քանակությամբ ձկան խավիար՝ անհատական (դիվանագիտական) մակարդակով այցելությունների համար: Այն, ինչ արել է Ադրբեջանը և շարունակում է անել:

Հ. Գ. Իհարկե, շատ ավելի ճիշտ կլինի, եթե տեղի չունենա ո՛չ սահմանների ճշգրտում և ո՛չ էլ խաղաղության պայմանագրի ստորագրում: Եվ այդ գործընթացները փոխարինվեն վարչապետի պաշտոնից Նիկոլի հեռացմամբ: Սակայն դա, դժբախտաբար, դեռևս կյանքի չի կոչվում: Իսկ նշված հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի:

Հ. Գ.2 Հոդվածն ավարտելու պահին մամուլում երևաց Հայաստանի հետ «երկարաժամկետ խաղաղության» հասնելու՝ Իլհամ Ալիևի երեք պայմանները. «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը, հայկական զորքերը դուրս պետք է բերվեն Ղարաբաղից»։