Առաջիկայում ո՞ր համայնքներում են սպասվում ՏԻՄ ընտրություններ

Առաջիկայում ո՞ր համայնքներում են սպասվում ՏԻՄ ընտրություններ

Ազգային ժողովն օրերս ընդունեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ ընդունելու մասին նախագծերի փաթեթը, որով համայնքների հերթական խոշորացումը տեղի ունեցավ։ Դրա արդյունքում մինչև տարվա վերջ երեք փուլով նաև տվյալ խոշորացված համայնքներում նոր ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու, որպեսզի խոշորացված համայնքները նոր ղեկավարներ ունենան։ 

ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն երեք տարբեր ժամանականահատվածներում՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։ Այս պահին ԿԸՀ կայքում տեղադրված է միայն այն համայնքների ցանկը, որոնցում ՏԻՄ ընտրություններ անցկացվել են հոկտեմբերին և նոյեմբերին։

Այսպիսով, հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում, Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Գորիս, Մեղրի խոշորացված համայնքներում, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, որը չի խոշորացվել, իսկ նոյեմբերի 14-ին՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Սյունիքի մարզկենտրոն Կապանում և Տավուշի մարզկենտրոն Իջևանում։

Նշենք, որ այս բոլոր համայնքներում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել։ Իշխանությունները հույս ունեն այս ընտրություններով վերջնականապես «գրավեն» նաև այն համայնքները, որոնցում ղեկավարները ՔՊ-ից չեն, իրենց իշխանության վերահսկողությունից դուրս են։