Որտեղ փողի հարց լինի՝ մեջն եք, որտեղ երկիր պահելու՝ թռած եք

Որտեղ փողի հարց լինի՝ մեջն եք, որտեղ երկիր պահելու՝ թռած եք

Ինքնիշխանությունից , սուվերենությունից է այս իշխանությունը խոսում, բայց որ «գլուխները փրկելու խնդիր է առաջանում», ասում են՝ սաղ ռուսներն են հանձնել, մենք բանից խաբար չենք։ Մեկը լինի ասի՝ բա դուք սոխի գլու՞խ եք։ Երկրի ղեկավարման ղեկը ձեր ձեռքն եք առել ու փաստացի հրաժարվու՞մ եք, որ դուք եք այդ երկիրը կառավարում։ Դուք եկել եք երկրի բարիքները կլլելու՞, թշնամուն հանձնելու՞, թե՞ երկրին տեր կանգնելու։ Որտեղ ուտելու բան, փողի հարց լինի՝ մեջն եք, որտեղ երկիր պահելու, պատասխանատվության հարց՝ թռած եք։ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում «Տաուշյան նշմարը» տվեց, ու այսօր իր «յուղն ու բրինձը հանել» ու արևին է տվել, որ համոզվի՝ նրանց պիտանելության ժամկետը հո չի՞ անցել։ Այս քանի օրը մյուս ընդեղենն էլ դուրս կհանի, որ արևի տա։

Լրագրողներին ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ Գորիս Կապան ճանապարհը Ռուսաստանն է տվել։ Հիմա Գորիս Կապան ճանապարհից բռնենք, Գորիսով դուրս գանք։ Շուռնու՞խն ով է տվել։ Մի քիչ էլ Որոտանի, Ներքին Հանդի, Բարձրավանի մասին թող խոսի։ Կապանի օդանավակայանի՞ց ինչ կա։ Սև լի՞ճը ով տվեց։ Իշխանասարն էլ Պուտինն է ոտքով բարձրացել ու ադրբեջանական դրոշ տնկել։ Վաղատուրից, Խոզնավարից, Խնածախից, Վերիշենից, Ակներից, Տեղ գյուղից, Կոռնիձորից․․․ խաբրիկ մը չկա՞։ Գերի հանձնվողներին և կրակողներին էլ երևի Պուտինն ասել, որ գերի հանձնվեն ու չկրակեն։ Ջերմուկի՞ց ինչ կա, պատանդ ընկած ադրբեջանցիները ո՞նց են, զոհվածների մարմինները մեր տարածքից հանեցի՞ն․․․

Երեկ ասուլիսում Փաշինյանն ասում էր՝ եթե այս ամենի պատճառը ես եմ, ռադս քաշեմ, գնամ․․․

Այսօր Մելքոնյանին գիծ է հանել, որ ասի՝ չէ՜, դու ինչու՞ ես ռադդ քաշում, թող Պուտինը գնա։