Ֆրանսիացիները նվիրել են Իջևանին, Իջևանը՝ Հրազդանին

Ֆրանսիացիները նվիրել են Իջևանին, Իջևանը՝ Հրազդանին

Օրերս Իջեւանի ավագանին մեծահոգություն է ցուցաբերել իր քույր քաղաքի՝ Հրազդանի նկատմամբ։ Ավագանու մարտի 19-ի նիստի որոշմամբ, Հրազդանին երկու միավոր թանկարժեք տեխնիկա՝ «Ռենո» մակնիշի լվացող եւ «Միլենիում» մակնիշի մաքրող-սրբող ավտոմեքենաներ է նվիրել։ 5 տարի առաջ այս թանկարժեք ու Հայաստանում եզակի տեխնիկան Իջեւանին նվիրել է նրա մյուս «քույրիկը»՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքը։ Բայց քաղաքապետ Վարդան Ղալումյանը որոշել է հրաժարվել թանկարժեք նվերից եւ ավագանուն մեծահոգաբար առաջարկել է ծառայեցնել «Ռենո»-ները Հրազդան քույրիկի աղբահանման խնդիրների լուծմանը։ Որոշման մեջ որպես հիմք նշվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորություններին վերաբերող 21-րդ կետը։ Նույն հոդվածի նույն կետում գրված է, որ գույքն օգտագործման տրամադրելու որոշման մեջ պետք է նշվեն ժամկետ, նպատակ, եղանակ։

Բայց քանի որ ավագանու որոշման մեջ նման տեղեկություններ չկան, հարց առաջացավ, թե ինչու Իջեւանի քաղաքապետը հազվագյուտ ու թանկարժեք այս մեքենաները չի օգտագործել հարազատ Իջեւանը մաքրելու համար։ Մանավանդ, որ քաղաքն աղտոտված է, ամենուրեք աղբակույտեր են, փողոցներն ավլող հավաքարարների աշխատավարձի բարձրացման խնդիր կա, քաղաքով անցնող Աղստեւ գետը կեղտոտ է։ Իսկ կենտրոնական փողոցում ցուցանակ են տեղադրել, որի վրա գրված է․ «Աղստեւը դու ես»։ Քաղաքապետ Ղալումյանի բացատրությունից պարզ դարձավ, որ Իջեւանը կրակն էր ընկել ֆրանսիացի բարեկամի նվերն ընդունելով։ «Չէր արդարացնում մեզ մոտ, փոշի էր անում։ Դա նախատեսված չէր մեր փողոցների համար։ Դրանով հրապարակներ պետք է մաքրեն»։ Իսկ ֆրանսիացիները չգիտեի՞ն, որ Իջեւանի համար նախատեսված չէ։ «Ես եմ իրենց առաջարկել նվիրել, մտածեցինք՝ կաշխատի այստեղ, բերեցինք, մի ամիս օգտագործեցինք, փոշի էր անում, ժողովրդի լվացքը կեղտոտում էր, մեքենաների վրա փոշի էր անում, քարեր էր շպրտում ժողովրդի վրա»։ 

Այստեղ հիշեցինք «Կացին ախպեր»-ը․ «Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է»։ Վարդան Ղալումյանը պատմում է, որ մի երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է վերցնել մեքենաները, բայց Տարոն Մարգարյանի աշխատակազմը հրաժարվել է նվերից։ «Ավելի շատ ապիլկեք (տաշեղներ) է վերցնում, բիչոկներ, սիգարետի տուփեր կարող է հավաքել այդ մեքենան»,- տեղեկացնում է Ղալումյանը։ Քաղաքապետին հարցրել են, թե ինչու է նվիրատվություն արել, եթե կարող էր վաճառել մեքենաները։ «Եթե մեր քույր քաղաքն առանց գումարի տվել ա Իջեւանին, որքանո՞վ ճիշտ կինի, որ մեր ավագանին փողով տա Հրազդանին։ Ոնց որ մենք մեր քաղաքների հետ առեւտրի մեջ մտնենք։ Մենակ դա չի նվեր տվել Վալանսը, նաեւ ավտոբուս, շտապօգնության մեքենա են բերած եղել պոլիկլինիկայի համար»։ Ինչո՞ւ եք կարծում, որ Հրազդանին պետք կգա այն, ինչ ձեզ պետք չէ։ 

«Մեր մոտ լեռնային գոտի է, սարերից հողերը լցվում են քաղաքի մեջ, ձեռքով որ սրբում են, ավելի քիչ է փոշի բարձրանում, ավելի մաքուր ա լինում, քան էդ մեքենաներով»,- պատասխանեց Վարդան Ղալումյանը։ Հավաքարարների աշխատավարձի բարձրացման հարցն Իջեւանում մնում է ակտուալ։ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանին էլ հարցրինք, թե օգտագործե՞լ են արդյոք ֆրանսիական «Կացին ախպորը»։ Նա պատասխանեց, որ մեքենան փորձարկել են, բայց դեռ չեն օգտագործել։

«Դեռ չենք օգտագործել, վերանորոգել ենք, քանի որ մեքենաներն անսարք էին, շուտով, որ եղանակը տաքանա, ծառայելու են քաղաքին։ Կթեթեւանա նաեւ մաքրուհիների աշխատանքը։ Պարզապես, երբ տեղումներ են լինում՝ անձրեւներ, ձյուն, փոշեկուլը չի աշխատում։  Եղանակը որ փոխվի, կօգտագործենք»,- ասաց Սեւակ Միքայելյանը։