Առանցքային նրբությունը

Առանցքային նրբությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) պաշտոնական ներկայացուցչի տեղակալի ասելով, «գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով»: Իսկ ինչպե՞ս է արտահայտվել ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշի խորապես մտահոգված լինելը: Ասեմ՝ ԳՔ-ն հիշեցրել է իր նախորդ հայտարարությունն առ այն, որ «կողմերը պետք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, այդ թվում` 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռները...»։

Որքան հիշում եմ, այդ դատարանի վճռում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, միանշանակ ասվում էր, որ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանը պետք է բացի այն՝ «երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով»: Եվ Լաչինի միջանցքի առումով Հայաստանը որևէ պարտավորություն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, չի ունեցել: Ապա այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Գուտերեշը խոսել ոչ թե կոնկրետ Ադրբեջանի, այլ կողմերի մասին:

Ինչպես հայտնի է, Խորհրդային Միության փլուզումից հետո ՄԱԿ-ի քարտուղարությունը և նրա բազմաթիվ կառույցները գտնվում են արևմտյան երկրների ամբողջական վերահսկողության ներքո: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր դա այնքան ակնհայտ դարձավ, որ նույնիսկ զավեշտի է վերածվում: Օրինակ, ՄԱԿ-ի կառույցներից մեկի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին այցելում էր ռուսական բանակի ենթակայության ներքո գտնվող Զապորոժիեի ատոմակայան ու չէր կողմնորոշվում, թե որ կողմն է անընդհատ գնդակոծում ԱԷԿ-ը: Եթե դա վերաբերեր միայն ռուս-ուկրաինական պատերազմին՝ կասեի գլուխը քարը: Բայց այդ զավեշտը մեզ համար վերածվում է դառը դեղահաբի, որից ոչ միայն որևէ օգուտ չկա, այլ առկա են լիքը վնասներ՝ հաշվի առնելով մեր առումով ոչ գործունյա կազմակերպության (խոսքը ՄԱԿ-ի մասին է) վրա հույս դնելը:

Վերը նշված հաղորդագրության մեջ ուշադրությունս գրավեց մեկ այլ հանգամանք: Պարզվեց, որ գլխավոր քարտուղարն ունի պաշտոնական ներկայացուցիչ, իսկ վերջինս էլ՝ տեղակալ: Քչից-շատից տեղյակ լինելով ընդհանրապես կառավարման համակարգին՝ խիստ զարմացա ներկայացուցչի տեղակալի պաշտոնի առկայության հանգամանքով: Ներկայացուցիչը կարող է ունենալ մեկ-երկու օգնական, բայց որպեսզի դրանցից մեկը լինի տեղակալ... Դա ընդամենը խոսում է այն բանի մասին, թե որքան ուռճացված է ՄԱԿ-ի բյուրոկրատական ապարատը: Բնական է, որ հաջորդ միտքս պետք է լիներ ՄԱԿ-ին Հայաստանի անդամավճարի չափն իմանալը: Պարզվեց, որ 2022-ին այն կազմել է շուրջ 325 հազար ԱՄՆ դոլար: Կարծես թե մեծ գումար չէ՝ հաշվի առնելով Արցախի առումով ՄԱԿ-ի քարտուղարությանը կամ նրա այս կամ այն կառույցին դիմելու անհրաժեշտությունը: Բայց միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի առումով դեռևս փետրվարին ընդունված վճիռը կյանքի չի կոչվում, ապա կարծում եմ, որ պարոն Գուտերեշի ղեկավարության ներքո գործող կառույցի համար դա անչափ մեծ գումար է: Հատկապես հաշվի առնելով հենց այդ պարոնի չկողմնորոշվելը, թե որ կողմը պետք է կատարի միջազգային դատարանի կոնկրետ մեկ որոշումը:

Ինչ մնում է գլխավոր քարտուղարի մեկ այլ՝ «ի շահ խաղաղության և հանուն տարածաշրջանում անվտանգության՝ հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու» ուղերձին, ապա կարող ենք արձանագրել, որ դա այդպես էլ արվում է: Բայց մի նրբությամբ՝ մի կողմից դա արվում է պարտվողականությամբ, մյուս կողմից՝ ագրեսիվ պահանջատիրությամբ: Որքան հիշում եմ, պարոն Գուտերեշի և նրա ղեկավարության ներքո գործող բոլոր կառույցների ղեկավարության կողմից նման նրբությունը բացառվում է, երբ այն վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Եվ տվյալ դեպքում նշանակություն չունի այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունում պարտադրված խաղաղությունը: Որովհետև եթե նա լիներ Նիկոլի նման մեկը, ապա Արևմուտքը շատ արագ կգտներ նրան փոխարինողին: Որովհետև Ուկրաինան պատերազմ է մղում ընդդեմ Ռուսաստանի, որը ոտք է մեկնել Արևմուտքին: Իսկ Հայաստանը հակամարտության մեջ է գտնվում Արևմուտքի կայուն և հուսալի գործընկեր Ադրբեջանի հետ: Ահա այն առանցքային նրբությունը, որ ոչ մի ձևով չի ընկալվում մեր հասարակության այն հատվածի կողմից, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո պահպանել է արևմտամետ դիրքորոշումը: Որի հիման վրա այդ մարդիկ նույնանում են Փաշինյան Նիկոլի հետ՝ չնայած անընդհատ պայքարում են նրա իշխանության դեմ: Ու մեկ-մեկ էլ փորձում են Նիկոլին ներկայացնել որպես ռուսամետ։