Կվերանայի արդյոք Թուրքիան Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ գազային գործարքները

Կվերանայի արդյոք Թուրքիան Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ գազային գործարքները

Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Դիմիտար Բեչեւը կարծում է, որ եթե Թուրքիան իրոք խոշոր գազի պաշարներ է հայտնաբերել Սու ծովի ավազանում եւ սկսի այն շահագործել, ինչպես հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա դա կարող է էապես ազդել Թուրքիայի գազային շուկայի բալանսի վրա։ Այս մասին գրում է Eurasia Diary-ն։

Մասնավորապես, այդ հայտնաբերված պաշարների ազդեցությամբ, առաջիկա հինգ տարում Թուրքիան վերանայելու է իր երկարաժամկետ պայմանագրերը գազի մատակարարների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ըստ հրապարակման, կվերանայվեն գործարքները «Գազպրոմի» հետ, կապված «Թուրքական հոսքի» եւ «Երկնագույն հոսքի» հետ։

Բեչեւը ակնկալում է, որ թուրքական BOTAS ընկերությունն այդպիսով հավելյալ լծակներ է ստանում ավելի լավ պայմաններով մատակարարումներ ունենալու համար։ Խոսքը վերաբերում է գործարքների՝ հատկապես գնագոյացման բաղադրիչին։ Բեչեւը հիշեցնում է, որ «Գազպրոմի» մասնաբաժինը թուրքական գազային շուկայում վերջին երկու տարվա մեջ նկատելիորեն նվազել է։ Անկարան բանակցություններ կսկսի ադրբեջանական SOCAR-ի հետ, հատկապես, որ այս ընկերության հետ ունեցած պայմանագրերից մեկի ժամկետը արդեն լրանում է հաջորդ տարի։ Բացի այդ, թուրքական գազային շուկայում բավական լավ մրցակցային դիրքեր ունի նաեւ քաթարյան Qatargas-ը։ Ակնկալվում է, որ այս ընկերությունը կարող է ստանալ արտոնյալ մատակարարման պայմաններ, քանի որ Անկարայի եւ Դոհայի միջեւ առկա են բավական սերտ ռազմական եւ դիվանագիտական հարաբերություններ։

Մասնագետը նկատում է, որ այս ամենի արդյունքում Թուրքիան հնարավորություն է ստանում մանեւրելու եւ ավելի ճկուն դառնալու, ինչպես նաեւ էներգետիկ արտաքին հարաբերություններում հավելյալ ազդեցության լծակներ ունենալու։ Սա կարող է ամրացնել Թուրքիայի դիրքերը եւ բերել էներգետիկ դիվերսիֆիկացիայի, սակայն, աշխարհաքաղաքական հարցերում, ըստ Բեչեւի, ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությանը դժվար թե վտանգ սպառնա, քանի որ ամեն դեպքում կան Սիրիայի, Լիբիայի եւ հակաարեւմտյան ճակատները եւ այստեղ Անկարան եւ Մոսկվան կողք կողքի կշարունակեն մնալ։ Մասնագետը հիշեցնում է, որ անկախ ամեն ինչից, չպետք է մոռանալ, որ համավարակի պատճառով թուրքական տնտեսությունը էական վնաս է կրել եւ այս տարի թուրքական ՀՆԱ-ն կկրճատվի 3,8-5 տոկոս, ինչը վերջին տասնամյակի համար յուրատեսակ հակառեկորդ կլինի։ Ի դեպ, սկսած հունվարից թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվել է ամերիկյան դոլարի հանդեպ։