Հայոց վիշտը՝ անհուն մի ծով․․․

Հայոց վիշտը՝ անհուն մի ծով․․․

Երբ գարունը գալիս է՝ չեն ասում, դեռ մի քանի ձնծաղիկ է դուրս եկել, ի՜նչ գարուն։ Մարդիկ գիտեն, որ այդ մի քանի ձնծաղիկի գլխիկները հազարներ են դառնալու, որ տեղ- տեղ երևացող կանաչը համատարած է դառնալու։ Այս հանրահավաքը համազգային զարթոնք էր։ Մարդիկ արթնացել  են նիկոլյան նարկոտիկային քնից, արթնացել ու տեսել են, որ իրենց դրախտային երկիրը մասնատվել, խոշտանգվել է, արթնացել ու տեսել են, որ իրենք դաժանորեն խաբվել են։ Արթնացել են արյան հոտից, երկրի ծանր տնքոցից, զոհվածների երկնային աղաղակներից, հաշմանդամների հառաչանքներից, տնեզուրկների ողբից։  Դա որևէ անձի հետ կապելը անմտություն է․ զարթոնքը պայթյուն է։

Զարթոնքը բնական երևույթ է։ Ու անկեղծ եմ ասում, գարնան բացվելու սկզբին  դեռ այդքան ծաղիկ, այդքան ժողովուրդ չէի տեսել։ Շատերը  լալիս էին, շատերի աչքերն էին լցված արցունքով։ Հուզմունք կար մարդկանց դեմքին, ցավ ու տառապանք, մտահոգություն։ Հայաստանի ողջ տառապանքն ու ցավն ամփոփված էր այդ հանրահավաքում։ Նրանք եկել էին ցույց տալու հայոց վիշտը․ 

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին․․․

Տարբեր անկյուններից իրարամերժ կարծիքների հնչեցումը, հանրահավաքի թվի հաշվարկումը, մարդկանց վիշտը ծաղրել է նշանակում։  Վիշտ, որի ոչ հատակն է երևում, ոչ բարձրությունը։ Վիշտ, որ ոչ մի բանով չափել չեք կարող։ Ոչ մարդկանց թվով, ոչ ողբերի որակով։ 

Գործող իշխանության ու իր թմբկահարների գործելակերպն է՝ պղծել, արատավորել, վատաբանել, ոչնչացնել այն ամենը, ինչից իրենց հարմարավետությումը կարող է խարխլվել։ Կարծում եմ հենց դա էր պատճառը, որ նախագահը ժողովրդի մեջ էր՝ Նիկոլ,  մի վախեցիր, աթոռդ վերցնող չկա․․․ Հայրենիքի փրկության հարցն է։ Արցախը միայնակ թշնամու երախում չթողնելու հարցն է։ Արցախ-Հայաստան միասնության հարցն է ։ Դաժան ձմռանից հետո գարնան ակնկալիքի հույսն է։