Չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ

Չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ

Այսօր՝ Ակադեմիայում ընթացող ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով իր խոսքում առանձնահատուկ նշեց, որ կառավարության ներկայիս ծրագրերն ուղղված են մարդուն՝ ՀՀ քաղաքացուն, քանի որ, ըստ նրա, մեր գլխավոր ռեսուրսը հենց ՀՀ քաղաքացին է, հետևաբար «մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն», ապա՝ հարկ համարեց նշել, որ ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը, իսկ այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն․ 

«Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության»։

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի շուրջ ընթացող քննարկումներին, որին գիտական եւ ակադեմիական համայնքի մեծ մասը դեմ է, Վ․ Խաչատուրյանն ընդգծեց, որ ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը․

«Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- հավելեց Վ․ Խաչատուրյանը։