Չի պատասխանում Արմեն Գեւորգյանի պաշտպանի դիմումին

Չի պատասխանում Արմեն Գեւորգյանի պաշտպանի դիմումին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը որոշ ժամանակ առաջ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` Գեւորգյանի խախտված իրավունքների վերականգնման համար, մասնավորապես խոսքը վերաբերում է քննիչի այն որոշմանը, որի համաձայն՝ Արմեն Գեւորգյանի ողջ գույքի վրա արգելանք է դրվել: 

Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ից դեռեւս պատասխան չի ստացել, այդ իսկ պատճառով կրկին դիմել է Թաթոյանին։ Դիմումում, մասնավորապես, ասված է․ «2019 թվականի ապրիլի 22-ին դիմում եմ ներկայացրել Ձեզ` խնդրելով Ձեր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ Արմեն Գեւորգյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաեւ օգտվելով ՀՀ Սահամանդրությամբ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի» ՀՀ օրենքով սահմանված Ձեր լիազորություններից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Գույքի վրա կալանք դնելը» գլխում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առարկություն ներկայացնել համապատասխան իրավասու մարմնին եւ նշված հարցով որպես վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ՝ դիմում ներկայացնել ՀՀ Սահմանադրական դատարան։ Սակայն մինչ օրս դիմումին պատասխան չի ստացվել։ Կրկին դիմելով Ձեզ՝ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել դիմումում նշված հարցերի լուծման ուղղությամբ»։
Նշենք, որ քննիչի այդ որոշան դեմ պաշտպանական կողմը դատարան բողոք է ներկայացրել, նիստը կշարունակվի մայիսի 8-ին։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին: