Ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները․ 1000 դրամից մինչև 100 հազար դոլար 

Ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները․ 1000 դրամից մինչև 100 հազար դոլար 

«Իմ քայլը» հիմնադրամը քիչ առաջ հրապարակել է նվիրատուների 80 հոգանոց ցանկը։ Ամենամեծ՝ 100 հազար դոլար նվիրատվությունն արել է ոմն Արա Աբրահամյան, ենթադրում ենք՝ նույն ինքը՝ Հայերի համաշխարհային միության ղեկավարը կամ «դերեւյաննի պարեն»-ը։ Մոսկվայից շռայլ են եղել, և, օրինակ, Մոսկովյան գալա միջոցառումից  հիմնադրամին փոխանցվել է 14․5 միլիոն դրամի կամ շուրջ 28 հազար դոլարի հասույթ։ Մեկ այլ շռայլ՝ 48 միլիոն դրամի փոխանցում ինչ-որ անհայտ ուսումնական ծրագրից։ 

Անհատների կողմից նվիրատվության չափով՝ 25 հազար ԱՄՆ դոլարի, երրորդ տեղում է ոմն Գաբրիել Չեմբերջյան, որը, ենթադրում ենք, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր,  «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։

Շվեյցարահայ հայտնի բարերար Վահե Գաբրաշը նվիրաբերել է 25 հազար դոլար։ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը  (նպատակային՝ «Քայլ առ քայլ» ծրագրի շրջանակներում),  նվիրաբերել է 12 միլիոն ՀՀ դրամ։ 25 հազար ԱՄՆ դոլարից մի քիչ պակաս հիմնադրամին նվիրաբերել են Մաքսիմ, Մարկո և Մարտինա Բողոսյանները։ Բավականին շռայլ՝ 10 միլիոն դրամի նվիրատվություն են արել ոմն Վարդան Վարդանյան և Վահրամ Դավթյան։

«Հայկական բարեգործական ընդհանուր միություն» Շվեյցարիայի կոմիտեն նվիրաբերել է 9․980 դոլար։ Նվիրատվությանը մասնակցել են նաև ստեղծագործական միոթյունները․ «Մարտիրոս Սարյան» ստեղագործական միությունը, օրինակ, հիմնադրամին նվիրաբերել է 3000 ԱՄՆ դոլար, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ 1 միլիոն դրամ։ «Դիլիջան» ազգային պարկը ցուցակին միացել է 60 հազար դրամով, «Քյավառ հեռուստաընկերություն»-ը՝ 500 հազար դրամով։ 

Նշենք, որ նվիրատուների 80 հոգանոց ցանկում շատ կան անանուն նվիրատուներ՝ 3000 դրամից մինչև 6-10 միլիոն դրամի տիրույթում։ 

Ցուցակում կա նաև Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը՝ 700 հազար դրամ նվիրատվությամբ, ինչի մասին մամուլը գրել էր։ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնադրամին նվիրաբերել է 4 անգամ 252 հազար դրամ, մեկ անգամ՝ 250 հազար, ապա՝ 200, հետո՝ 100 հազար դրամ։

Հայտնիների թվում է նաև Շվեդիայում և Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, որը 1983 եվրո է նվիրաբերել; 
 

Որպես ամփոփում նշենք, որ նվիրատվությունները 1000 դրամից 100 հազար դոլարի սահմաններում են։ Ոմն Արամ Խաչատրյան հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 67 եվրո։