Հայաստանի ազգային հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Թուրքիայի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Թուրքիայի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում արտագնա խաղում մրցում էր Թուրքիայի ընտրանու դեմ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց այն։

Հանդիպման 6-րդ րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարված կատարեց, որից հետո մրցակցի դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային։ Իսկ 14-րդ րոպեին մրցակից թիմի հարձակվող Յիլմասը դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն Չանչարևիչը շատ վստահ խաղաց այդ դրվագում։ 23-րդ րոպեին նույն Յիլմասը ևս մեկ անգամ հայտնվեց նպաստավոր դիրքում, բայց նրա հարվածն այս անգամ բարձր ստացվեց։ Քիչ անց նորից փայլեց Չանչարևիչը` վստահ գործելով մրցակցի հեռահար հարվածից հետո։

31-րդ րոպեին արդեն վտանգավոր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, բայց Սպերցյանի հարվածից հետո Թուրքիայի հավաքականի դարպասապահը տեղում էր։ Խաղակեսի ավարտին մոտ Բիչախչյանը խաղադաշտի կենտրոնից փորձեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ նկատելով, որ Գյունոկը բավականին առաջ էր եկել իր դարպասից․ բայց Վահանի հարվածից հետո գնդակը չհայտնվեց ցանցում։ Քիչ անց Վահանը ևս մեկ շատ վտանգավոր հարված կատարեց, բայց այս անգամ էլ նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Խաղակեսի մնացած ժամանակահատվածում թիմերից ոչ մեկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը և մրցավար Օրսատոյի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո լուսատախտակին զրոներ էին։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Նաիր Թիկնիզյանի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Արտակ Դաշյանն աջ եզրից արած հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Մեր ընտրանու գոլից հետո թուրքերը սկսեցին ակտիվություն դրսևորել, որն իր գագաթնակետին հասավ 88-րդ րոպեին, երբ Յըլդըրմը հավասարեցրեց հաշիվը։

Մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրեց 8 րոպե, որի ընթացքում երկու հավաքականներն էլ փորձում էին հաղթանակ կորզել, սակայն ապարդյուն։

Հարկ է նշել, որ Վարազդատ Հարոյանը 82-րդ րոպեին խախտեց կանոնները, պատժվեց դեղին քարտով և բաց կթողնի Խորվաթիայի դեմ սեպտեմբերի 11-ին կայանալիք հանդիպումը։