Աշոտյանը բացահայտո՞ւմ է

Աշոտյանը բացահայտո՞ւմ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը եւ ամփոփել. «Վտանգ կա, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»:

Ի՞նչ ելակետային դիրքերի մասին է խոսքը: Կարելի՞ է այնպես հասկանալ, որ մեկ տարի առաջ միջնորդները կողմերին ինչ-որ առաջարկություն էին ներկայացրել: Մեկ տարի առաջ Հայաստանում եւ Ադրբեջանում լուծվում էր իշխանության հարցը՝ Սերժ Սարգսյանը թողնում էր նախագահի պաշտոնը եւ պատրաստվում վարչապետության, իսկ Իլհամ Ալիեւը վեց ամիս առաջ էր բերել նախագահական ընտրությունները: Փորձագետներն այն ժամանակ տպավորություն ունեին, որ դա արվում է, որպեսզի ԼՂ կարգավորման բանակցություններում պաուզա չառաջանա: Պատրա՞ստ էր Հայաստանն այն ժամանակ գնալ այնպիսի կարգավորման, որն ընդհանուր գծերով պատկերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Աշոտյանը համարում է, որ անցած մեկ տարին ժամանակի անիմաստ վատնո՞ւմ էր, քանի որ, ըստ էության, կարգավորման հայեցակարգում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ վերադառնում է ելակետային դիրքերին: Այսինքն, նա համարում է, որ իշխանափոխությունը ԼՂ հարցում հայկական կողմին դրական ոչինչ չի՞ տվել: Կարելի՞ է այնպես հասկանալ, որ եթե մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը չհրաժարվեր վարչապետի պաշտոնից, ապա կարգավորման բանակցություններում առաջընթաց տեղի կունենար: Ավելի վաղ ռուս փորձագետներից Ալեքսանդր Դուգինը կարծիք էր հայտնել, որ միջնորդները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընդունի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համար իր հանձնառությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դա՞ են հիշեցնում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նո՞ւյնն է բացահայտում: