Ուզում են դարձնել վերջին ընկած կինը, բոլոր անապահովների համար հասանելի

Ուզում են դարձնել  վերջին ընկած կինը, բոլոր անապահովների համար հասանելի

Հայ-վրացական սահմանին գտնվող Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից պարբերաբար ՍOՍ ահազանգ է հնչում։ Այս գյուղը ծերանում է ու աստիճանաբար ջնջվում է երկրագնդի երեսից։

«Ժամանակին այս հողի համար պետություններ էին պատերազմում, մարտեր էին ընթանում հայերի, թուրքերի, վրացիների մասնակցությամբ, իսկ այսօր այն ոչ մեկի պետք չէ»,- ասում է հարեւան Տաշիր գյուղի  բնակիչ Ռուզաննա Տոմեյանը։ Նրա ծնողներն այսօր էլ ապրում են Պրիվոլնոյե գյուղում, իսկ ինքը բարեգործական ծրագրերից մեկում է աշխատել եւ Պրիվոլնոյե գյուղի երեխաների հետ է զբաղվել։

Այժմ ժամանակավորապես ապրում է Ռուսաստանում։ Ռուզաննայի հարաբերությունները տեղական իշխանությունների հետ բարդ են։ Նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանը նրան՝ բողոքներին ի պատասխան, վիրավորել է։ Ասել է, որ Ռուզաննան Պրիվոլնոյեում չի էլ ապրում, որ նման բնակիչ գոյություն չունի, որ խախտումներ է արել, որպես անապահով օգնություններ է ստացել, չլինելով այդպիսին։ «Չկա նման բան: Մարզպետը ինձ սևացրել է /очернил меня/: Հիվանդության պատճառով էի մեկնել Մոսկվա, բայց կբուժվեմ ու անպայման կվերադառնամ, Պրիվոլնոյե գյուղի հարցերով զբաղվելու եմ դեռ»,- խոստանում է ռուսախոս Ռուզաննան։

Փաստորեն, նա Պրիվոլնոյեի ակտիվիստն է։ Այնքան լքված է գյուղը, որ անգամ ակտիվիստներն են արտագաղթել ու հեռուներից են պայքարում ռուսական այս Տիտանիկի համար։
 Ինչո՞ւ ռուսական։ Որովհետեւ այն հիմնել են ռուսական բանակի սպաները, դեռ Եկատերինա Երկրորդի ժամանակ:  

Եկեղեցու սոխաձեւ գմբեթներն այսօր էլ հիշեցնում են, որ այստեղ ռուսներ են ապրել։ Խորհրդային շրջանում նաեւ ադրբեջանցիների մեծ համայնք է եղել Պրիվոլնոյեում։ Իլյիչի անունով կոլխոզ է եղել, որը միլիոնատեր կոլտնտեսություններից էր։ Անկախության առաջին տարիներին ադրբեջանցիները հեռացել են, եկել են բաքվեցիները: 

Ռուսական 550 «իզբաների»՝ փայտե տների կեսն այրվել է։ Ճանապարհները շարքից դուրս են եկել։ Նորոգող չի եղել։ Երիտասարդությունը փախել է գյուղից։ Չկան մանկապարտեզ, աշխատատեղ։ Երբեմնի հարուստ կոլտնտեսությունը դարձել՝ աղքատների գետտո, որտեղից ելք չկա։ «Մեր գյուղը առաջադեմ էր, լավ կենագրություն ունի, բայց կորչում է գետնի երեսից, ինչպես վերջին դուրս ընկած կինը»: Բոլոր անապահովների համար հասանելի է այն այսօր: Նրանք Պրիվոլնոյե են լցվել հարակից գյուղերից: 

«Վերջին տասը տարում կառավարությունը ոչ մի անգամ չի լսել մեր բողոքները։ Խնդրում ենք՝ լսեք մեր փրկության ճիչը։ Մենք դիմացել ենք ամեն վիճակի, բայց չենք կարող մեր աչքերը փակել, չտեսնել ու լռել այն մասին, որ մենք չունենք տարրական տրանսպորտ։ Մարդիկ, քաղաքական գործիչներ, ինչո՞ւ ենք մենք քաղաքակրթության դարաշրջանի գագաթնակետում կտրված, չունենք ճանապարհներ։ Խնդրում ենք՝ արձագանքեք, թե չէ՝ մենք կապստամբենք»,-  սոցցանցի միջոցով մեր կառավարությանն է դիմում Պրիվոլնոյեի ակտիվիստը։

Գյուղում մնացել է 700 մարդ։ Շատ են ծեր կանայք, որոնք անգամ հիվանդանալու իրավունք չունեն, որովհետեւ շտապօգնության մեքենաները Պրիվոլնոյեից կանչեր չեն ընդունում, իսկ եթե հանկարծ համաձայնում են հասնել Աստծո կողմից մոռացված այս անկյունը, փող են ուզում։ Պրիվոլնոյեի համար քաղաքակրթության կենտրոնը Ստեփանավանն է։ Նախկինում երեխաները Ստեփանավան են գնացել՝ ժողարվեստի խմբակներում պարապելու, բայց ավտոբուսները դադարել են հասնել Ստեփանավան, եւ երեխաների համար այս փոքրիկ հաճույքն էլ է անհասանելի դարձել։

Պրիվոլնոյեի տատիկներից ոմանք հեռուստացույցով լսել են, որ ճանապարհը սարքելու են, իրար են պատմում, բայց իրենց աչքով ո՛չ շինարար են տեսել գյուղի մոտակայքում, ո՛չ շինտեխնիկա։ «Ցավն այն է, որ 8 գյուղերը բնակավայրերի խոշորացման ծրագրի արդյունքում ունեն մեկ համայնքապետ։ Նա միայն հարկերն է հավաքում եւ կոմպետենտ չէ՝ լուծելու մեր հարցերը։ Երկու վարորդ է սպասարկում մեր գյուղը։ Մեկը մշտապես հիվանդանում է, մյուսն էլ դուրս է եկել գծից, որովհետեւ ուղեւորներ չկան, եւ նա չի կարողանում հարկերը տալ։ Որոշել է չաշխատել։ Երբեմն էլ տրանսպորտը փչանում է, որովհետեւ հին է»,- պատմում է Պրիվոլնոյե գյուղի «դելեգատ» Ռուզաննան։ Նա նամակներ է գրել վարչապետ Փաշինյանին, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, խոշորացված համայնքի գյուղապետ Բարոյանին: 

Խոշորացված Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանը չի ընդունում Ռուզաննայի որակումները։ «Իրենք հարկ չեն տալիս, մենակ բողոքում են,- Պրիվոլնոյե անունը լսելով՝ զայրանում է Բարոյանը,- 97 մլն հողի հարկի պարտք ունեն, տարեկան հարկը 8 մլն ա, 2018 թվականին 15 տոկոս ա հավաքագրումը եղել։ Ամենաքիչն իրենց մոտ է եղել։ Նրանք մենակ բողոքել գիտեն։ 20 տարի է՝ հարկ չեն վճարել»։ Գուցե փո՞ղ չունեն, աղքա՞տ են։ «Ոչ, Տաշիրի տարածաշրջանի ամենահարուստ գյուղն ա։ 2 հազար գլուխ էս պահին անասուն կա էդ գյուղում։ Սեզոնին մի սուտկում տասը տոննա կաթ է դուրս գալիս այդ գյուղից։ «Աշտարակ կաթ»-ն ա տանում, ամիսը 30 մլն դրամ էդ գյուղը փող ա մտնում։ Բնակիչների 90 տոկոսը բնակվում է գյուղում»։

Ասում են՝ տրանսպորտ չկա։ «Մի պահ պրոբլեմ կար, հիմա էլ չկա։ Օրը երեք անգամ Ստեփանավան տրանսպորտ է գնում»։ Դուք՝ ասում են, մենակ փողի տերն եք, մենակ հարկ եք ուզում, ոչ մի բան չեք անում գյուղի համար։ Այս հարցը վերջնականապես հունից հանեց գյուղապետին։ «Բա որ հարկերը չտան, ես ո՞նց իրանց գյուղը սարքեմ։ Խոսքի՝ Նորաշենի գյուղացիները փող տան, ես տանեմ, Պրիվոլնոյեում գո՞րծ անեմ։ Իրանք էլ մենակ պահանջե՞ն։  Ճի՞շտ ա դա։ Նենց բաներ են պահանջում, որ համայնքի ուժերից վեր է»։ Բորիս Բարոյանը հայտնեց, որ այս տարվա ծրագրում նախատեսել է  նախակրթարան կառուցել Պրիվոլնոյեում, գիշերային լուսավորություն, ճանապարհների նորոգում է ծրագրել։ Իհարկե, եթե կարողանա հողի հարկ հավաքել։

«Տվեք հարկերը, ես մի տարվա մեջ քաղաք սարքեմ ձեր գյուղը»,- ասում է գյուղապետը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ երկար ժամանակ փորձում էինք կապ հաստատել՝ ապարդյուն։ Նա հեռախոսին չի պատասխանում, իսկ ժամանակին նա ընտրողների տներով էր անցնում։ Նա մեկն էր մեզանից։