Թե ինչպես է «Հսկիչ գնում»  մարտաֆիլմը զվարճալի սերիալի վերածվում

Թե ինչպես է «Հսկիչ գնում»  մարտաֆիլմը զվարճալի սերիալի վերածվում

Երեկ իշխանությունը հերթական կինոն հրապարակեց մտավոր հետամնացների համար՝ այն մասին, թե ինչպես են ՊԵԿ օպերվարչության զինված դիմակավորները թռնում, նստում ավտոն, գնում անհայտ ուղղությամբ, մարդկանց բռնում, տանում սարսափազդու միջանցքով դեպի անհայտություն։

Կինոյի հաջորդ կադրում խուլ կաբինետ է, որտեղ արդեն խելացի «գալստուկավորներ» են, ոչ թե հատուկ ջոկատայիններ։ Ու նրանք կռացած թղթերի վրա, միտք են անում, ապա ցնցող բացահայտում կատարում՝ որ երկու խոշոր կառուցապատողներ առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել, «թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց»։ 

Այս կառուցապատողները, պարզվում է, շենքեր էին կառուցում  Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում, իսկ հիմա հասարակ կալանավոր են, որովհետև հենց նրանց էին օպերացիայի շրջանակում կալանավորել ու երկար միջանցքով տանում ՊԵԿ դիմակավորները՝ կառուցապատող ընկերություններից մեկի տնօրենին, մյուսի հիմնադիրին ու վաճառքի գծով պատասխանատուին։ Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու փորձ կատարելու համար։ 

Հանցագործության սխեման հետևյալն է․ծպտյալ գնորդները բնակարանի արժեքի մի մասը փոխանցումով են տվել կառուցապատողներին, մյուս մասը՝ կանխիկ, ինչից ՊԵԿ մասնագետները որոշել են, որ կառուցապատողները չեն ուզում ցույց տալ բնակարանների իրական գները և հարկեր են թաքցնելու։ 

Հաղորդագրության մեջ ներկայացված մանրամասն հաշվարկները բաց եմ թողնում, որովհետև դրանք ՊԵԿ աշխատանքային, ընթացիկ թվաբանության մասն են, և ընդամենը կծանրաբեռնեն ընթերցողի ուղեղը։ «Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս», - հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը և բնակարաններ ձեռք բերող  քաղաքացիներին հորդորում է վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և «անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները»։ 

Հետաքրքիր է, որ այս կինոյի հեղինակները չեն պատմում մարդկանց, որ այսպիսի «կաբինետային» ստուգումներ հարկային գերատեսչությունն անում է արդեն 30 տարի։ Դրանք կոչվում են հսկիչ գնումներ, որը մոնիտորինգի տեսակ է և ամենևին էլ բավարար չէ եզրակացնելու համար, որ տվյալ ընկերությունը հարկ է թաքցնում։ 

Դրանք կարելի  կիրառել ընթացիկ վերահսկողության համար, կատարել ամիսը մեկ, երեք ամիսը մեկ, ու ամեն անգամ տվյալները կարող են փոխվել։ Եւ միայն մի դեպքում կարող են հարկատուին մեղադրել հարկերը թաքցնելու մեջ՝ եթե նրա հարկային մարմին մուտք արած թիվը՝ եռամսյակային, կամ տարեկան հաշվետվության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ 

Այդ դեպքում  կարելի է ասել, որ նա հարկ է թաքցրել, ստվերային շրջանառություն է ունեցել և այլն։ Մինչև հարկը թաքցնելը նա կարող է 100 անգամ գին փոխել, կարող է բարձրանալ ու Օստանկինոյից գոռալ, որ հարկեր է թաքցնելու է, և այլն։ Բայց դա չի կարող դառնալ մեղադրանքի հիմք։ 

Հետաքրքիր է, որ այս կինոյում մի նուրբ «կռուտիտ» կա, որից երևում է՝ կինոյի հեղինակները շատ լավ հասկանում են բոլոր այս իրավական ելևեջները։ ՊԵԿ չինովնիկը ռեպորտաժում հատուկ զգուշացնում է․այն հանգամանքը, որ կառուցապատողները չեն ներկայացրել հարկային հաշվետվություն, խոչընդոտ չի հանդիսանում խախտումները արձանագրելու համար, քանի որ հարկերը չվճարելու նախապատրաստությունը, այսինքն՝ փորձը, ևս համարվում է հանցագործություն։ 

Ի դեպ, ՊԵԿ դիմակավոր օպերացիան կոչվում է «Հսկիչ գնում», որը օրենքով սահմանված նորմ է և որպես մարտաֆիլմի անուն անհաջող է։ 

«Հսկիչ գնումը դու արեցիր, բայց դու դա չես կարող տարածել իր ամբողջ գործունեության վրա։ Այս պահին իր գույքի քառակուսին արժե այսքան, մյուս պահին՝ այնքան։ Երբ որ նա կբերի թվերը, դու հատ-հատ կդնես՝ ամեն գնորդով գործողություն կանես։ Կարող է, վաղը քառակուսու գինը դառնում է 4000 դոլար։ Կառուցապատողը ամեն անգամ հո չի՞ գալու իր ծախսը հարմարեցնի նախկինում ձեր արած հսկիչ գնի հետ։ Նա սեփականատեր է, ինքն է գինը որոշում։ Օրենքը չի ճանաչում, թե ինչ ապրանքի մասին է խոսքը՝ սմետանի, բնակարանի, թե, ասենք, զենքի։ Դա ապրանք է։ Հարկվող օբյեկտը վերջում մի հատ է։ Դա զորքով կառուցապատողի մոտ գնալու ու նրան բռնել տանելու առիթ չի կարող լինել։ Ինչո՞ւ նույն  կերպ չեն ասում՝ զինված գնացինք, տեսանք, սմետանի գինը իջեցրել են։ Հնացել է, գինը իջեցրել են։ Դա սեփականատիրոջ իրավունքն է»,  - ասում է հարկային տեսչությունում երկար տարիների աշխատանքի փորձ ունեցող մասնագետը։ 

Նա խնդրեց իր անունը չհրապարակել, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, ասաց, որ կինոյում նկարված տղաների հետ ընկերական հարաբերություններ ունի։ Այսպես՝ ՊԵԿ մարտաֆիլմը զվարճալի սերիալի է վերածվում։