Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի անկախության...

Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի անկախության...

Ուկրաինայի ժողովրդավար և կոռուպցիայի դեմ պայքար մղող նախագահը ցանկանում էր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով մուտք գործել ՆԱՏՕ: Դրան դեմ արտահայտվեց ՌԴ նախագահ Պուտինը՝ փորձելով ռազմա-քաղաքական այդ կառույցը ետ պահել ռուսական սահմաններից: Ի դեպ, մոտավորապես նման բան արդեն պատահել էր 1961-62 թվականներին՝ Կարիբյան ճգնաժամը: Այն լուծվել էր երկկողմանի զիջումներով. սկզբում ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովն էր դուրս բերել Կուբայում տեղայկայված հրթիռները, իսկ հետո ԱՄՆ-ը՝ Թուրքիայից: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին մեկ տարի անց սպանվեց, իսկ խոհրդային ղեկավարին երկու տարի անց հանեցին պաշտոնից: Բայց այս անգամ ՌԴ նախագահը չնահանջեց, իսկ Արևմուտքն էլ բանի տեղ չդրեց նրա զգուշացումը: Ոգևորվելով Արևմուտքի վարքագծից՝ Զելենսկին էլ որոշեց «ազատագրել» Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Ալիևը: Ֆեյսբուքում բազմիցս եմ ասել՝ եթե Հայաստանը չպարտվեր, պարոն Զելենսկու մոտ նման մտադրություն հիմա դժվար թե ծագեր: 

Արևմուտքը և հատկապես Միացյալ Նահանգները հսկայական ռազմական օգնություն ցուցաբերեցին Ուկրաինային: Ինչի մասին մենք ուղղակի կերազեինք 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց ուկրաինացիներն ավելին էին սպասում: Իրենց ակնկալիքներն էլ սոցցանցերում էին տեղադրում Կիևի մետրոյում հանդիպած ՆԱՏՕ-ական զինվորականների տեսքով: Բայց այդ տեսակի օգնություն իրենք չստացան: Իրենց միայն զենք էին տալիս ու շարունակում են տալ՝ դրանով խրախուսելով թշնամանալ ռուսների դեմ: Իսկ ամենավճռական պահին իրենց ասացին՝ մենք ձեզ զինվոր չենք տա, մենք ձեզ համար կարող ենք միայն աղոթել: Ու ուկրաինացիների պոպուլիստ ու կատակերգակ առաջնորդն իրեն միայնակ զգաց ու մեղադրեց Արևմուտքին դավաճանության մեջ: 

Բայց այն փաստը, որ ուկրաինացիները հսկայական ծավալի սպառազինություն ստացան, պայմանավորված է իշխանության հակառուսական կողմնորոշմամբ: Եվ այն հանգամանքով, որ Ուկրաինան գտնվում է Եվրոպայում: Իսկ եվրոպացիները պատերազմ սարսափելիորեն չեն սիրում: Բայց նրանք մոռացել էին, որ ռուսներն էլ չեն սիրում, երբ նրանց անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ Դոնեցկի և Լուգանսկի դեմ պատերազմը Պուտինի դեպքում պատերազմ է Ռուսաստանի դեմ: ՌԴ նախագահը նիկոլանման մեկը չէ, որ այդ տարածքները հանգիստ զիջեր Ուկրաինային: Եվ Ռուսաստանն ուղղակի նախահարձակ եղավ ու ջարդեց ուկրաինական համարյա ողջ ռազմական պոտենցիալը: Օգտագործելով կատակերգակ դերասան-նախագահի խոսքերն ընդդեմ հենց նրա. օրինակ՝ միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու սպառնալիքը: Ի դեպ, Ռուսաստանը 100 տարուց ավելի այն կարմիր լաթն է, որի ակտիվանալուց անմիջապես գազազում է Արևմուտք-ցուլը: Ուկրաինայի քաղաքականություն էլ այն անհաջող ցլամարտիկն է՝ մատադորը, որ անընդհատ պարտվում է ոչ թե ցուլին՝ ինչպես իսպանական կորիդայում է, այլ հենց կարմիր լաթին: 
Բայց չեմ կարող չասել, որ ուկրաինացիներն այնքան էլ մեղավոր չեն: Ժամանակին միասնական (դա շուրջ 1000 տարի առաջ էր) և Կիև կենտրոնով արևելասլավոնական իշխանությունները տարանջատվեցին, ու նրանց հետագա ճակատագիրը պատմականորեն տարբեր ուղիներով ընթացավ: Մոնղոլ-թաթարական արշավանքների ընթացքում ինքնուրույնություն պահպանած հյուսիսային իշխանություններն ավելի ուշ ձևավորեցին մեկ այլ պետություն Մոսկվա կենտրոնով: Նույնը չստացվեց հարավի՝ Կիևի և նրա հարևան իշխանությունների առումով: Ճակատագրի բերումով այդ տարածքներն ընկան հարևան պետությունների (Լեհաստան, Ավստրիա և այլն) տիրապետության տակ, և այդտեղի ազգաբնակչությունը կրեց որոշակի (կրոնի, լեզվի, կենցաղի և այլն) ազդեցություններ: Այդ գործընթացը տարբերություններ առաջացրեց նախկին համաերկրացիների միջև: Ժամանակի ընթացքում դրանք խորացան, ինչը հանգեցրեց նույն հավաքականությունից երկրորդ ազգության ձևավորմանը: 

Մի խոսքով, բավականին բարդ թեմա է, բայց և հետաքրքիր ու միաժամանակ ողբերգական: Ողբերգական, որովհետև դարերի ընթացքում ուկրաինացիներն անընդհատ բախվել են իրենց նախկին եղբայրակիցների՝ ռուսների հետ թե նրանց դեմ լինելու դիլեմային: Բայց ռուսների դեմ լինելը չի պսակվել անկախությամբ, քանի որ ռուսական ուժի թուլության դեպքում դրանից օգտվել են այլ պետություններ: Այդ դիլեման հատկապես սրվեց 20-րդ դարում՝ երկու անգամ ուկրաինացիները հնարավորություն ստացան անկախանալու, որից առաջինը պարզվեց, որ ժամանակավոր էր: Բայց անփոփոխ մնաց և հաղթանակեց ռուսների դեմ լինելու տարբերակը, և այն թակարդ դարձավ այսօրվա Ուկրաինայի համար:

Ընդ որում, ուկրաինացիներն ընկան Արևմուտքի լարած գունավոր հեղափոխականության նույն թակարդը, որում հայտնվել էին մեր հարևան վրացիները, իսկ հետո նաև մենք: Եվ երբ այդ իրավիճակում հայտնվելը լրացվում է նաև գունավոր հեղափոխության մեկ այլ գործոնով՝ հակառուսականությամբ, ապա որպես հերոսականություն սկսված գործընթացը վերածվում է կատակերգության, իսկ հետո ավարտվում է ողբերգությամբ: Այն, ինչը ապրեցին վրացիները, այնուհետև մենք և այսօր արդեն ուկրաինացիները: Հակառուսականության «վիրուսից» զերծ չեն մնում նաև այն անձինք, որոնց ժամանակին հարգել եմ: Ու մտածել, որ ավելի խելացի են, քան միջին վիճակագրական իրենց հայրենակիցը: Խոսքը ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, 1996-2001 և 2005-2010 թվականներին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի մասին է: Պարզվում է, ըստ վերջինիս խոսքերի, որ Թուրքիայի հետ դաշնակցած Ուկրաինան պատերազմում է ընդդեմ Ռուսաստանի՝ հանուն իր և Հայաստանի անկախության: Պատկերացնում եք՝ Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի անկախության...