«Լռության մեկ ամիս» խորագրով ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

«Լռության մեկ ամիս» խորագրով ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Այսօր` ապրիլի 22-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթացել «Լռության մեկ ամիս» խորագրով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են միայն մի բանի համար, որ սուր քննադատության են ենթարկել Նիկոլ Փաշինյանին Տավուշի մարզում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության և դավաճանական գործունեությունը շարունակելու համար։ 

Ապրիլի 22-ին լրանում է նրանց անազատության մեջ գտնվելու մեկ ամիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրագործում է իր դավաճանական ծրագրի հերթական արարը Տավուշի մարզում։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի զգուշացումները իրականություն են դառնում։ 

Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։ Այդ կազմակերպությունների թվում առաջամարտիկ ԵՄ-ն նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ ԵՄ-ն չի արձագանքել նաև ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի անազատության մեջ պահվելու դեպքերին։ 

Ուստի ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները հիշեցրեցին կառույցի նախկին հայտարարություններն ու ընդգծեցին ներկայիս լռությունը։
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Ֆիդանյանն ընթերցեց Հայասատնում ԵՄ դեսպանության նախկին դատապարտող հայտարարություններն ու ԵՄ դեսպանի հարցազրույցները Հայաստանում հավաքների և խոսքի ազատության իրավունքների սահմանափակման դեպքերի առնչությամբ: Ֆիդանյանը ցուցադրեց այդ հայտարարությունների մեծ տրցակը, որից հետո ցույց տվեց դատարկ թղթերի տրցակ, որտեղ կարող էին լինել բոլոր այն հայտարարությունները, որոնք 2018 թվականից հետո կարող էին արվել, բայց չեն արվել ինչ-ինչ պատճառներով: 

Ակցիայի մասնակիցները հայտարարություններով և դատարկ տրցակները հանձնեցին ԵՄ պատվիրակության գրասենյակ` հույս հայտնելով, որ դատարկ թղթերը կլրացվեն քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերի առնչությամբ հայտարարություններով: