Ալիևը՝ Տավուշի չորս գյուղերի և օկուպացված Արցախի մասին

Ալիևը՝ Տավուշի չորս գյուղերի և օկուպացված Արցախի մասին

Հայաստանը համաձայնել է հանել Լեռնային Ղարաբաղի ցանկացած հիշատակում խաղաղության պայմանագրից, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նրանք (հայերը) պայմանավորվել են դա չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլեւս չկա։

Եթե նրանք կառչեն ինչ-որ ոչ առանձնապես կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակն էլ ավելի զինվելու և մեզ վրա նորից հարձակվելու համար։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- նշել է Բաքվի բռնապետը։
Նրա պնդմամբ, «Ադրբեջանը բարձրացրել է չորս գյուղերի հետ կապված հարցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո, բայց իրականում երբեք չի մոռացել դրա մասին»։

«Էքսկլավների հարցն այլ խնդիր է, քանի որ այն ավելի բարդ է։ Նրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից: Ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում»,- ընդգծել է Ալիևը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության մեջ։ Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն։ Սակայն այնտեղ գրված է, որ Ադրբեջանի արեւելյան հատվածի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել են (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը, (Հայաստանի) վարչապետ Նիկոլ) Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,-զառանցել է Ադրբեջանի ղեկավարը։