Ալիեւը նոր խա՞ղ է սկսել

Ալիեւը նոր խա՞ղ է սկսել

Խոսելով ղարաբաղյան կարգավորման բանակցությունների աշխուժացումից, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը չափազանց ինտրիգային դիտարկում է արել՝ նկատել տալով, որ Իլհամ Ալիեւի «կառուցողականությունը» փորձություն է հայկական կողմերի համար եւ պետք է հնարավորություն տալ, որպեսզի Երեւանը եւ Ստեփանակերտը սկսեն հաշիվներ պարզել, ինչը սկզբունքորեն կթուլացնի Հայաստանին:

Իսկ ահա Փաշինյան-Ալիեւի վերջին հանդիպման տպավորությամբ արցախցի օգտատերը սոցիալական ցանցում այսպիսի գրառում է արել.«Զգում է սիրտս, թիվ մեկ բորտը Դավոս-Ստեփանակերտ թռիչք կիրականացնի»: Ասվածն ակնհայտորեն հասկացվում է այն կտրվածքով, որ Հայաստանի վարչապետը պետք է Արցախի իշխանություններին բացի Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասնությունները:

Եթե Ադրբեջանի նախկին արտգործնախարարի տպավորությունը մոտ է իրականությանը եւ Բաքվում իրոք «կառուցողականություն» ձեւացնելով նպատակադրվել են հակասություններ սադրել Հայաստան-Արցախ հարաբերություններում, ապա սոցիալական ցանցի արցախցի օգտատերը պարզապես դժգոհության առաջին ձայնն է բարձրացնում, որին կարող են հետեւել արդեն փորձագիտական եւ, ինչու ոչ, քաղաքական գնահատականներ: Բարձր նոտան, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անցած մայիսի 8-ին Ստեփանակերտում հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը, չի արձագանքվում բանակցությունների շուրջ փորձագետների վերլուծություններում: Ընդհակառակը, գնալով ընդգծվում են հարեւանների հետ խաղաղ գոյակցելու մասին Հայաստանին ուղղված հորդորները, որոնք ուղեկցվում են տնտեսական առաջընթացի հնարավորությունների շեշտադրմամբ: Այնքան, որ Դավոսում չինական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը ձեւակերպել է, թե Ադրբեջանը պատրաստ է տնտեսական ներուժը ծառայեցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, իսկ ադրբեջանցի վերլուծաբանն ուղղակի մատնանշում է, որ բանակցությունների թեման «հայկական զորքերն օկուպացված տարածքներից դուրս բերելու հնարավորությունն է՝ ի պատասխան ադրբեջանական կողմից տնտեսական զիջումների ստեղծման»:

Որոշ վերլուծաբաններ նման ենթատեքստ տեսնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 16-ի հայտարարության մեջ: Այս համատեքստում Փաշինյան-Ալիեւ շփումների ինտենսիվությունը կարող է մղել ամենազանազան ենթադրությունների: Մանավանդ որ դրանց շուրջ տեղեկատվությունը չափազանց սուղ է: Աչքի է զարնում այն, որ համանախագահների հայտարարության մեջ ասված էր, որ պատրաստվում են այցելել Հայաստան եւ Ադրբեջան՝ հանդիպելու երկու երկրների առաջնորդներին:

Դա նշանակում է, որ միջնորդներն աշխատում են Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, բայց մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները շուրջ մեկուկես ժամ ոչ ֆորմալ առանձնազրույց են ունենում Դավոսում: Ո՞րն էր դրա անհրաժեշտությունը: Փաշինյանը եւ Ալիեւը իրե՞նք են նախապատրաստում իրենց պաշտոնական հանդիպումը, իրե՞նք են ձեւավորում ապագա բանակցությունների օրակարգը:

Տպավորություն կա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մշտապես դժգոհություն հայտնող Ադրբեջանը փորձ է անում «ճեղքում» անել ուղղակի հայ-ադրբեջանական երկխոսության միջոցով: Բաքվում, ինչպես նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն է անկեղծացել, հաշվարկված է, որ դա կարող է բերել Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ տարաձայնությունների: Իսկ գուցե Ալիեւի բուն նպատակը հենց դա՞ է: Որպեսզի իրավիճակից առավելագույն քաղաքական շահ կորզի՞:

Այդ դեպքում, ըստ երեւույթին, նա ակնկալում է միջազգային ազդեցություն Հայաստանի նկատմամբ եւ իր համար ավելի ուժեղ բանակցային դիրք: Ո՞րն է գործընթացի հայկական կողմի պաշտոնական մեկնաբանությունը