Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Հրապարակ» օրաթերթի նոր նախագիծը՝ «Մշակութային Հրապարակ» ամսաթերթը, որն իրականացվում է մշակույթի նախարարության համաֆինանսավորմամբ։ 

Համարում կարող եք կարդալ գրող Արփի Ոսկանյանի «Չդարձնել գրականությունը մանրադրամ» հոդվածը․ «Վարչապետի թիկնապահները պիտի պաշտպանեն նրան քաջ գրականագետներից, որոնք փորձելու են պարզել՝ գրականությո՞ւն է արդյոք վարչապետի վեպը, թե՞ ոչ։ Չնայած հանդուգն հարցադրմանը, արյունահեղություն տեղի չի ունենում։ Ֆեյսբուքը ցնծության մեջ է՝ մենք ունենք աննախադեպ իրավիճակ՝ վարչապետ, որ ոչ միայն հաջողել է հեղափոխություն անել, այլեւ գրող է, նույնիսկ գրականագետ»։ 

Գրող, լրագրող Սիրան Գրիգորյանը ջազ երաժիշտ Լեւոն Մալխասյանի հետ զրուցել է ջազից, Երեւանից, մշակույթից, կանանցից եւ մի քիչ էլ քաղաքականությունից․ «Ջազմենն իրավունք չունի ադմինիստրատիվ աշխատանքով զբաղվելու: Աստված որ ջրի երես է հանում մարդուն, մի ուղի է տալիս, հասկացնում է՝ սա է քոնը, սրանով շարժվիր, հանկարծ այդ խրամատից դուրս չգաս: Բիզնեսմեն կամ պաշտոնյա դառնալու համար էլ պետք է տաղանդ ունենաս, դրանով լուրջ զբաղվես: Ես դրա ժամանակը չունեմ, իսկ ո՞վ գնա իմ երազանքների ետեւից»։

Համարում տեղ է գտել նաեւ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի «Արդար դատաստան» պիեսը․ «Միեւնույն է, ոչխար ես: Համը հանեցիք, ամեն անգամ ձեր բողոքներն ենք քննարկում եւ ամեն անգամ՝ գայլերի դեմ, ի՜նչ անհաշտ նկարագիր ունեք դուք՝ ոչխարներդ, չե՞ք կարող, ինչ է, հաշտ ու խաղաղ ապրել կողք-կողքի: Լեզու գտեք իրար հետ, վերջապես, օրինակ՝ ես հրաշալի հարաբերություններ եմ հաստատել վագրերի հետ, մեկս մյուսից դժգոհելու ոչ մի պատճառ չունենք: Ճի՞շտ է, վագր եղբայր»։ 

Մեր գործընկեր «Անտարես» հրատարակչությունը շուտով լույս կընծայի Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածաշարը՝ Նունե Թորոսյանի թարգմանությամբ: Համարում ներկայացված է ժողովածուի պատմվածքներից մեկը․ «Ավ­տո­բու­սը Ռի­նոյից կես­գի­շե­րը մի փոքր ան­ց էր մեկ­նել։ Ռի­նոն Ա­մե­րի­կայի էն քա­ղաք­նե­րից է, որ մարդ­կանց ախ­տե­րից է սնվում։ Մի­ակ ապ­րուս­տը դրա­մա­խաղն ու պոռն­կու­թյունն են։ Բ­նա­կա­նա­բար պայ­ծառ լու­սա­վո­րու­թյուն ունի։ Հի­շում եմ, մի խա­ղա­տուն մտա ու շե­մից սրա­հի հե­ռու ծայ­րում փո­քե­րի սե­ղա­նին թուղթ բա­ժա­նո­ղի քթից տնկ­ված երեք սև մա­զը պարզ տե­սա։ Էդ­քան լու­սա­վոր էր»։

Այս եւ մի շարք այլ հետաքրքիր նյութեր կարող եք կարդալ «Մշակութային Հրապարակի» առաջին համարում։ Թերթը կարող եք հարցնել բոլոր կրպակներից եւ «Հայ գիրք» գրախանութից։