Ե՞րբ Սերժ Սարգսյանը կասի՝ «Վիգեն ջան, գեղեցիկ չէ»

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կասի՝ «Վիգեն ջան, գեղեցիկ չէ»

Տարկետման վերացման օրինագծի դեմ ուղղված ուսանողների պայքարը նոր թափ է հավաքում։ Պայքարի ընթացքը մի կողմից գնալով սրվում է, իսկ մյուս կողմից էլ կարծես թե փակուղային, պատային իրավիճակ է ստեղծվում։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը չի պատրաստվում նահանջել, ուսանողները ավելի քան վճռական են ու պատրաստակամ գնալու մինչև վերջ։ Կառավարությունը նույնպես պատրաստ չէ խնդիրը կարգավորել փոխզիջման ճանապարհով։ Ամենահամառը Վիգեն Սարգսյանն է, քանի որ սեղանին դրված են նրա հեղինակության ու որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելու «լեգիտիմության» հարցերը։ Չգրված օրենք է, որ Հայաստանում բանակը չի կարող ղեկավարել թույլ ու անվճռական ինչ-որ մեկը։ Հանրային ընկալումների համաձայն՝ պաշտպանության նախարարը ամենակարող է ու ամենազոր։ Այլ խոսքով ասած, եթե Վիգեն Սարգսյանը նահանջի, ապա ներիշխանական ու հանրային ընկալումներում նա կսկսի դիտարկվել որպես թույլ նախարար։ Իսկ մեր երկրում տիրապետող է այն ավանդույթը, որ թույլ նախարարի անխուսափելի ճակատագիրը քաղաքական դիակ դառնալն է։

Ընդհանրապես իշխանությունները ունեն քաղաքացիական հակամարտությունների կարգավորման երկու տարակերպ։ Առաջին դեպքում իշխանությունները քաղաքական համապատասխան գործիքների ու մեխանիզմների կիրառմամբ քաղաքական շարժումը փորձում են դարձնել վերահսկելի՝ սահմանափակելով ու մեկուսացնելով, ինչպես նաև արգելակելով դրա տարածման հնարավորությունը։ Այսինքն՝ թողնում են, որ պայքարը ինքնահյուծվի, մաշվի ու անէանա։ Կարգավորման այս տարակերպի մեջ դիտարկվում է «Էլեկտրիկ Երևանը», որը դարձավ վերահսկելի, այլևս արգելակվեց դրա տարածումը և ի վերջո, աստիճանաբար մաշվելով, պայքարը անհետացավ։ Երկրորդ մոտեցումը կիրառվում է այն ժամանակ, երբ քաղաքացիական պայքարը դառնում է տարերային ու անվերահսկելի։ Իշխանությունները թերևս ամենից շատ վախենում են երևույթների անկառավարելիությունից։ Այսպիսի իրավիճակներում նրանք դիմում են հարկադրական փոխզիջման։ Տրանսպորտի դեմ պայքարի հաղթանակն ասվածի վառ ապացույցն է։ Ահա սրանք են այն հիմնական մոտեցումները, որոնք ամեն անգամ հնարամտորեն կիրառվում են իշխանությունների կողմից։ Ասվածի համատեքստում առաջնային պլան է մղվում այն հարցադրումը, թե ի՞նչ մոտեցումներ կկիրառվեն ներկայումս լայն թափ հավաքող ուսանողական պայքարի դեմ։ Իրավիճակը ինքնին հետաքրքրական է դառնում այնքանով, որ առջևում 2018 թվականն է, իսկ «վարչապետի» հիմնախնդիրը դեռևս մնում է առկախված։

Ստեղծված իրավիճակը չափազանց նույնական է «Մաշտոցի պուրակի» պայքարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Անլուծելի թվացող հիմնախնդիրը կարգավորվեց միայն այն ժամանակ, երբ միջամտեց Սերժ Սարգսյանը։ Առջևում 2013 թ․-ի նախագահական ընտրություններն էին։ Վերադառնանք 2017 թ․-ի նոյոմբեր։ Ուսանողների պայքարը աննահանջ է։ Նրանք վերջնագիր են ներկայացրել, իսկ կառավարությունը չի կարողանում կարգավորել ստեղծված պատային իրավիճակը։ Ե՛վ Լևոն Մկրտչյանը և՛ Վիգեն Սարգսյանը որևէ հաջողություն չարձանագրեցին, հարցին միջամտեց վարչապետը, բայց վերջինս նույնպես անկարող գտնվեց որևէ կերպ կարգավորել խնդիրը։ Իսկապես իրավիճակը փակուղային է։ Բայց կանխատեսվում է, որ շուտով հարցին կմիջամտի ինչպես միշտ լուռ, տեսադաշտից անհետացած և սպասելու բացառիկ ունակություններով օժտված Սերժ Սարգսյանը։ Նա լուռ կլսի բոլոր կողմերին և իր հանդարտությամբ կարտաբերի իր ավանդական խոսքերը․ «Վիգեն ջան, գեղեցիկ չէ»։

Ահա խնդիրը այսպես կկարգավորվի, իսկ Սերժ Սարգսյանը մի անգամից երկու նապաստակ կխփի․ մի կողմից կչեզոքացնի պայքարը՝ շահելով ուսանողների համակրանքը, իսկ մյուս կողմից վերստին կհիմնավորի իր վարչապետ դառնալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով այն ճշմարտությունը, որ Հայաստանում միայն նա է ի զորու հարց լուծել, ապահովել ներքին կայունությունն ու անվտանգությունը։ Ուրիշ ոչ ոք չի կարող այդպիսի պատասխանատվություն ստանձնել, ո՛չ Վիգեն Սարգսյանը և ո՛չ էլ Կարեն Կարապետյանը։ Հնարավոր է նաև կիրառվի երկրորդ մոտեցումը, այն է՝ իշխանություններն իրենց կողմից վերահսկվող գործիքների միջոցով կմեկուսացնեն պայքարը՝ թողնելով, որ այն աստիճանաբար հալվի։ Իհարկե այս բոլոր հավանական սցենարները կանխատեսումներ են, որոնք հիմնված են փորձի վրա։ Անկախ ամեն ինչից՝ մենք ոչ միայն կանխատեսում, այլ նաև հուսով ենք, որ ուսանողական պայքարը ո՛չ կմեկուսացվի և ո՛չ էլ կչեզոքացվի նախագահի միջամտությամբ, այլ՝ հաղթահարելով այս մարտահրավերները, իրապես պարտություն կպարտադրի իշխանություններին։